Ադրբեջանի նախագահի ընտրությունների ընդդիմության ներկայացուցչի հրաժարականը կամովին չէր, այլ՝ ստիպված քայլ էր: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այսպիսի տեսակետ արտահայտեց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, Ադրբեջանի նախագահի թեկնածու Գրիգորի Այվազյանը: 

«Քիչ թե շատ արժանիներից մեկը՝ Իբրահիմ Բեկովը, հնարավորություն չի ունենա մասնակցել իր երկքաղաքացիության պատճառով: Դա իշխանության կողմից հնարավոր թեկնածուներից ձերբազատավելու հրաշալի քայլ է»,-հայտարարեց նա: Ըստ նրա, իր համար շահեկան իրավիճակ է ստեղծվում և շանսերն ավելի է աճում:

Գ. Այվազյանի խոսքերով, Ադրբեջանի ընդդիմությունը փնտրտուքների մեջ է, թե ումով փոխարինի Իբրահիմ Բեկովին:

«Մտածելու բան չունի, կարող է միավորվել մեզ հետ, այլ տարբերակ չկա, եթե իսկական ընդդիմություն են, կամ մենք կամ Ալիևը», - նշեց նա:

Անդրադառնալով Իբրահիմ Բեկովի հրաժարականի պատճառների նմանությանն իր հետ, Գ. Այվազյանը հայտարարեց, որ ունի միայն Ադրբեջանի քաղաքացիություն և հպարտ է, որ հանդիսանում է Ադրբեջանի քաղաքացի:
«Ես առաջին ադրբեջանցին եմ, որ ասել եմ, որ ծագումով հայ եմ, և առաջին հայը, ով հայտարարել է, որ ունի Ադրբեջանի քաղաքացիություն», - պարզաբանեց նա:
Խոսելով ՀՀ նախագահի այն հայտարարության մասին, որ մեզ ձեռնտու է Իլհամ Ալիևի վերընտրվելը, Գ. Այվազյանը նշեց, որ դա ավելի կսրի իրավիճակը:

«Այն, որ մեր նախագահը կողմ է նրա վերընտրվելուն, նշանակում է, որ Ադրբեջանն այնպիսի վիճակում է գտնվում, որ իր թշնամի երկրի ղեկավարը կողմ է նրա վերընտրվելուն», - այսպես մեկնաբանեց նա:

Նա նաև հայտարարեց, որ իրենց վրա բազմաթիվ ճնշումներ են փորձում գործադրել թե Բաքվից, թե Հայաստանի որոշ քաղաքական ուժերի կողմից:

«Մենք որոշել ենք առանց անվտանգության երաշխիքների մեկնել Բաքու», - հայտարարեց նա, հավելելով, որ մեկնելուց առաջ կկազմակերպվի հրաժեշտի ասուլիս: