Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» կընդունի ղազախական «Կայրաթին»:
Բուքմեյքերական գրասենյակները նախապատվությունը տալիս են Ղազախստանի չեմպիոնին, որի հաղթանակը միջինը գնահատվում է 2.05 գործակցով: «Ալաշկերտի» հաղթանակը ստացել է 3.75 գործակից, իսկ ոչ ոքին՝ 3.05:
Հիշեցնենք, որ Ալմաթիում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել է գոլազուրկ ոչ ոքի: «Կայրաթի» ու «Ալաշկերտի» միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 12-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կսկսվի ժամը 19:00-ին:
«Կայրաթի» արգելքը հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում կմրցի Շոտլանդիայի չեմպիոն «Գլազգո Ռեյնջերսի» հետ և կապահովի առնվազն Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր:
«Ալաշկերտ» – «Կայրաթ» զույգի պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի վերջին՝ փլեյ-օֆֆ փուլում, որտեղ կհանդիպի «Լինֆիլդ» (Հյուսիսային Իռլանդիա) – «Ֆոլա» (Լյուքսեմբուրգ) զույգի հաղթողին: Առաջին խաղում «Ֆոլան» հյուրընկալվելիս հաղթել է 2:1 հաշվով:
Եվրագավաթներում «Ալաշկերտը» պայքարը սկսել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ 2 խաղերի արդյունքում հաղթել է Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսին» (2:2, 1:0), իսկ երկրորդ փուլում պարտվել է մոլդովական «Շերիֆին» (0:1, 1:3) և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում: