«Մեր առաջին սպառնալիքը մենք ինքներս ենք, մենք չկանք, մենք հոշոտում ենք իրար»,- այսօր լրագրողների հետ քննարկելով տարածաշրջանային վերջին զարգացումները ասաց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Ըստ նրա՝ հայ քաղաքական գործիչները համապատախան քայելր չեն ձեռնարկում Հայաստանի ներքին և արտաքին պայմանները ավելի հուսալի դարձնելու ուղղությամբ: «Հայ քաղաքական դաշտը պարալիզված է և ոչինչ չի կարողանում ձեռնարկել»,- հայտարարեց Աշոտ Մանուչարյանը: Նրա կարծիքով իշխանություններին ավելի շատ հետաքրքում է , թե ինչքան կարելի է շատ փող կորզել պետությունից: Արդյունքում արտաքին քաղաքականության մեջ սխալներ են թույլ տրվում, ինչպես Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նման գերտերությունների, այնպես էլ հարևան Վրաստանի հետ հարաբերություններում: «Ինձ համար պարզ չէ, թե մինչև հիմա ինչպես Հայաստանը հստակ քաղաքականություն չունի վրաստանի նկատմամբ, որը մեզ համար ստրատեգիական նշանակություն ունի, սակայն մենք հանձնեցինք այն Ադրբեջանին և Թուրքիային»,- նշեց Աշոտ Մանուչարյանը:

Աշոտ Մանուչարյանը հավելեց նաև, որ Վիլնյուսի գագաթաժողովից առաջ և հետո Հայաստանում սպասվում են վատ ժամանակներ, ցնցումներ և տնտեսական ծանր վիճակ, որը պայմանավորված է Ռուսաստանի՝ Հայաստանի առջև դրված ընտրությամբ՝ Եվրասիական միություն և Եվրոպական միություն:  «Ես լավ չեմ կարողանում հասկանալ` եթե մենք անկախ երկիր ենք, ապա ինչ է նշանակում` մեզ ինչ-որ մեկն առաջարկել է նման ընտրություն։ Ես, օրինակ, կասեի, որ այդպիսի հարցերի ժամանակ չկա: Բոլորը պետք է հասկանան, որ Հայաստանը համադրման տեղ է, ոչ թե հակադրման կամ բախումների»,- հավելեց նա: