Մայիսի 10-ից ազատամարտիկները սոցիալական պահանջներ էին ներկայացրել կառավարություն: Այս չորս ամիսների ընթացքում հանդիպումներ են եղել Սեյրան Օհանյանի և Տիգրան Սարգսյանի հետ, որի ընթացքում քննարկվել են սոցիալական հարցեր: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը:
Նա նշեց, որ ներկայացված սոցիալական փաթեթները պարունակում են մի քանի պահանջներ, որոնք վերաբերում ենք բոլոր ազատամարտիկներին:
«Առաջին պահանջը վերաբերում է կամավորական ազատամարտիկին: Պահանջում ենք կամավորական ազատամարտիկի կարգավիճակ մտցնել, որպեսզի Սահմանադրությամբ կամավորական ազատամարտիկը որպես տեսակ պաշտպանվի ՀՀ նախագահի կողմից», -հայտնեց նա:
Երկրորդ պահանջը, բանախոսի խոսքերով, համապատասխան կենսաթոշակներ տրամադրելն է այն մարդկանց, ովքեր մասնակցել են պատերազմին:
«Ամսական միանվագ գումար սահմանվի նրանց համար: Հարցը վերաբերում է նաև ժամկետային զինծառայողներին, ովքեր խաղաղ պայմաններում սահման են պաշտպանել կամ ծառայության ընթացքում վիրավորվել են կամ սպանվել», - նշեց նա:
Այլ պահանջների մեջ է մտնում նաև կենսաթոշակների կրկնապատկումը, բուժման ծախսերի հոգումը և կոմունալ զեղչերի սահմանումը:
Ասուլիսին ներկա մյուս ազատամարտիկ Հովիկ Գաբրիելյանի խոսքերով, ժողովուրդն աջակցում, սատարում և հասկանում է, որ այսպիսի արտոնություններ պետք է տրվեն և նրանք կանգնած են իրենց կողքին: «Դեռևս 20 տարի առաջ պետք է այդ արտոնությունները տրվեին», - նշեց նա:
Նրա պնդմամբ, իրենց հարցերը մատնված են անուշադրության կառավարության կողմից: «Այդ պատճառով մենք դուրս ենք եկել պայքարելու մեր իրավունքների համար», - նշեց նա, հավելելով, որ շատ ազատամարտիկներ գտնվում են ոչ բարվոք վիճակում:
Պայքարի ճանապարհը, ըստ նրա, շատ փշոտ է և դժվար է հասնել ցանկալի արդյունքի, այդ պատճառով որոշում է կայացվել նաև նստացույց և պայքար կազմակերպել մարզերում, որպեսզի ճնշումն ավելի մեծ լինի և կառավարությունը հաշվի նստի իրենց պահանջների հետ:
Հ. Գաբրիելյանը տեղեկացրեց, որ այս պահին նախաձեռնող խումբը գտնվում է Վանաձոր քաղաքում և մասնակցում է արդեն մեծ չափերի հասած նստացույցի: