2021թ.–ի սեպտեմբերից Տավուշի մարզի 2, 5, 7, 10-րդ դասարաններում փորձարկվելու են հանրակրթական չափորոշչի փոփոխությունները ոչ միայն առարկայական ծրագրերի, այլեւ գնահատման համակարգի, ուսուցչի աշխատանքի կառուցվածքի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Հանրակրթության չափորոշչի փոփոխությունը ոչ միայն առարկայական ծրագրերի, այլեւ գնահատման համակարգի, ուսուցչի աշխատանքի կառուցվածքի եւ ըստ այդմ՝ տարիֆիկացիայի կազման փոփոխություններ է ենթադրում։ Փոփոխություններ են իրականացվում նաեւ դպրոցների ֆինանսավորման մոտեցման մեջ։
Այս փոփոխությունները նույնպես փորձարկվելու են այս սեպտեմբերից Տավուշի մարզի 2, 5, 7, 10-րդ դասարաններում։
Նախարարության կայքում ներկայացրել ենք փորձարկման համար նախատեսված ուսումնական պլանը, գնահատման կարգը, տարիֆիկացիոն պլանների կազմման առանձնահատկությունները։
Մասնավորապես, ուսուցչի դրույքաչափի համար փորձարկվելու է հետեւյալ մոտեցումը.
փորձարկվող տարրական դասարանում ուսուցչի մեկ դրույքաչափը՝ 22 ժամը կազմված է շաբաթական 18 դասավանդվող ժամերից եւ 4 գնահատման համար անհրաժեշտ աշխատանքներն իրականացնելու համար նախատեսված ժամից՝ հաշվի առնելով միավորային գնահատման բացակայությունը եւ ոչ միավորային գնահատման համար պահանջվող աշխատանքի ծավալը։ Հիմնական եւ ավագ դասարաններում համամասնությունը դառնում է 20+2: Այս փոփոխությունը նպատակ ունի կրճատել ուսուցչի կողմից շաբաթական դասավանդվող ժամերի թիվը՝ ժամանակ հատկացնելով ուսուցչի կողմից դասերի պլանավորման, գնահատման աշխատանքների համար։
Կարեւոր փոփոխություն է փորձարկվող դասարանները առավելագույն ժամաքանակներով ֆինանսավորելու սկզբունքը, ինչը հնարավորություն է տալիս ներառել ընտրովի բաղադրիչը, ֆինանսավորել նախագծային աշխատանքների ղեկավարումն ու իրականացումը, որը, հիշեցնեմ, պարտադիր է 7-րդ դասարանից սկսած։
Ավագ դասարաններում, միասնական մոտեցում դրսեւորելով առանձին գործող ավագ դպրոցների եւ միջնակարգ դպրոցների նկատմամբ, ներդրվել է անհատականացված դասացուցակի հիման վրա առարկայական խմբեր ձեւավորելու եւ ըստ այդ տարիֆիկացիոն ցուցակները կազմելու սկզբունքը։ Սա պետք է հնարավորություն տա սովորողներին ձեւավորել իրենց մասնագիտական նախասիրություններին առավել համապատասխանող դասացուցակ»։