«Մենք արդեն բավական երկար ժամանակ խոսում ենք Ազգային անվտանգության ծառայության և ազգային անվտանգության համակարգի բարեփոխումների մասին: Մեր ծրագիրը և պլանն այն է, որ առաջիկայում ՀՀ սահմանապահ զորքերն ավելի ու ավելի շատ տեղամասեր կընդունեն Հայաստանի Զինված ուժերից»,- Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-26 թվականի գործունեության ծրագիրը, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ սահմանապահ ծառայության պատասխանատվության տարածքները կընդլայնվեն. «Այս առումով, սահմանապահ զորքերը պիտի ընդլայնվեն, վերափոխվեն, բարեփոխվեն, և, իմիջիայլոց, սա նաև խաղաղ տարածաշրջանային օրակարգն առաջ մղելու՝ մեր նկատառումն ու նպատակադրումն է արտահայտում, որովհետև, ինչպես գիտեք՝ սովորաբար սահմանապահները ստանձնում են այն տեղամասերի պատասխանտվությունը, որը համարվում է ոչ պատերազմական, այսինքն՝ խաղաղ գոտի»,- ասաց վարչապետը:
Վարչապետը նշեց, որ առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կստեղծվի արտաքին հետախուզական ծառայություն: