Նվազագույն աշխատավարձը պետք է հասցնենք 85 հազարի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, Կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով քաղաքացիների սոցիալական ապահովության խնդիրներին՝ Փաշինյանն ասաց. «Նվազագույն կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել համապատասխանաբար պարենային եւ սպառողական զամբյուղների արժեքներին։ Նվազագույն աշխատավարձը սահմանել 85 հազար դրամ, վերացնել ծայրահեղ աղքատությունը։ Սրանք բավականին լավ թիրախներ են, մեզանից լրջագույն ջանքեր են պահանջվելու այս թիրախները պատշաճ ձեւով կյանքի կոչելու համար»։
Նա նշեց, որ գործազրկության վերացման վերաբերյալ Կառավարությունն ունի կարեւոր աշխատանք. «Իհարկե աշխատատեղեր ստեղծվել եւ ստեղծվում են Հայաստանում, բայց մեզ համար առանձնահատուկ նպատակ եւ թիրախ է, որպեսզի մենք կարողանանք առավելագույնս խթանել բարձր աշխատավարձային սեգմենտի աշխատատեղերը, այս առումով կարեւոր ենք համարում պահպանել եւ արագացնել այն դինամիկան, որը ունենք բարձր տեխնոլոգիաների ոլորտում»։
Փաշինյանի խոսքով՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում մինչեւ 2026 թվականը Կառավարությունը նախատեսում է ունենալ շուրջ 35 հազար զբաղվածներ. «Ոլորտի շրջանառությունը հասցնել 5 մլրդ դրամի, որը կկազմի համախառն ներքին արդյունքի 6-7 տոկոսը։ 2020 թվականիի տվյալներով այս ցուցանիշը 4 տոկոսը։ Հայաստանում առաջիկա 5 տարիներին կստեղծվի բարձր տեխնոլոգիաների ոլորտի շուրջ 16 հազար աշխատատեղ»։