Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում օգոստոսի 25-ին` ժամը 12:00-ին, տեղի կունենա ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հանդիպումը մարզական լրագրողների հետ, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Կորոնավիրուսի համավարակի հետևանքով հայ մարզական լրագրողները մինչև օրս հնարավորություն չեն ունեցել ֆիզիկապես ներկա լինել իսպանացի մասնագետի մասնակցությամբ որևէ ասուլիսի: Հաշվի առնելով, որ աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի առաջիկա 3 հանդիպումներից երկուսն արտագնա են, իսկ Լիխտենշտեյնի դեմ հանդիպման նախախաղային և հետխաղային մամուլի ասուլիսները, համաձայն ՈւԵՖԱ-ի՝ COVID-19-ի սահմանափակումների կանոնակարգի, անցկացվելու են հեռավար կարգով, ՀՖՖ Հասարակայնության հետ կապերի և Լրատվության բաժինը որոշել է մարզական լրագրողներին ընձեռել այդ հնարավորությունը:
Մամուլի ասուլիսի սկզբում առաջին անգամ պատմության մեջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն ուղիղ եթերում կհայտարարի առաջիկա հանդիպումների համար հավաքական հրավիրված ֆուտբոլիստների անունները: Դրանից հետո լրագրողները հնարավորություն կստանան ինչպես կազմի վերաբերյալ, այնպես էլ այլ հարցեր ուղղելու գլխավոր մարզիչին:
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի J խմբի առաջիկա խաղերում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի (սեպտեմբերի 2), Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հավաքականների հետ:
Ֆոտո` ՀՖՖ