Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է 26- ամյա Արեգնազան Բաղդասարյանի գործով դատական նիստը: Վերջինս մեղադրվում է ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քր. օր-ի 109 հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Այս մասին մենք իմանում ենք Datalex տեղեկատվական համակարգից:
Մեղադրական եզրակացության մեջ մասնավորապես գրված է. «Արեգնազան Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. հունվարի 1-ին իր մանկահասակ որդու Ա.Բաղդասարյանի հետ գնացել են Ֆարիդա Սարգսյանի տնակ, որտեղ կենցաղային շարժառիթով վիճաբանություն է առաջացել Ֆ.Սարգսյանի եվ Ա.Բաղդասարյանի միջեվ,առաջացած քաշքշոցի ժամանակ Ա.Բաղդասարյանը ձեռքերով հետ է հրել Ֆ.Սարգսյանին, որի հետեվանքով վերջինս ընկնելիս գլխով բախվել է մետաղյա վառարանին, կորցնելով գիտակցությունը: Դրանից հետո Ա.Բաղդասարյանը սպանելու դիտավորությամբ ալեհավաքի լարով փորձել է խեղդելով սպանել Ֆ.Սարգսյանին: Ա.Բաղդասարյանի գնալուց հետո Ֆ.Սարգսյանը տեվական ժամանակ վառարանի մոտ անգիտակից ընկած է մնացել,վառարանի ծխատար խողովակից դուրս եկած արգասիքներից առաջացած բաց կրակից հրդեհ է բռնկվել, որի հետեվանքով հատակին անգիտակից ընկած,սակայն դեռեվս կենդանի Ֆ.Սարգսյանը ածխածնի մոնօքսիդի մեծ քանակություն շնչելու հետեվանքով սուր թունավորումից եվ բարձր ջերմաստիճանի բոցի ներգործության արդյունքում մարմնի տարբեր հատվածներում այրվածքներ ստանալու հետեվանքով առաջացած այրվածքային շոկից եվ գանգուղեղային փակ վնասվածքից մահացել է»:
Առաջադրված մեղադրանքներում ամբաստանյալ՝ Արեգնազան Բաղդասարյանը, իրեն մեղավոր չճանաչեց եւ դատարանին ցուցմունք տվեց, որ 2013թ. հունվարի 1-ին իր ընկերը՝ Արթուրը եկել է իրենց նոր տարին շնորհավորելու: Մի քիչ զրուցելուց հետո Արթուրի առաջարկով գնացել են իր հարեւան Ֆարիդա Սարգսյանի (Քնարի) նոր տարին շնորհավորելու: Վերջինս տանը մենակ է եղել: Քիչ անց եկել է նաեւ իր մայրը՝ Անահիտ Վանլյանը եւ սուրճ են խմել: Այնտեղ մնացել են մոտ կես ժամ: Երեխան իրենց հետ չի եղել: Ֆարիդան իրեն առաջարկել է գիշերը մնալ իր մոտ, ինքը մերժել է: Դուրս գալով Ֆարիդայի տնից Արթուրը գնացել է, իսկ ինքն ու մայրը եկել են իրենց տնակ: Ընթրել են, որից հետո պառկել են քնելու: Երեխան սկզբից եղել է իր մոտ հետո գնացել է հոր մոտ: Գիշերը ինքը տանից դուրս չի եկել:
Դատական նիստի ընթացքում դատարանը վճռեց Արեգնազան Բաղդասարյանին հանցավոր ճանաչել : ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասով նրան դատապարտել ազատազրկման 8 /ութ/ տարի ժամկետով: ՀՀ քր. օր-ի 109 հոդվածի 1-ին մասով նրան դատապարտել ազատազրկման 2/երկու/ տարի ժակետով:
ՀՀ քր. օր-ի 66 հոդվածի կանոններով պատիժները մասնակի գումարելու սկզբունքով, նրան վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 8/ութ/ տարի 6/վեց/ ամիս ժամկետով: