ԱՄՆ տրանսպորտի նախարարությունը չորս շաբաթով 40 տոկոսով կսահմանափակի որոշ չինական ավիափոխադրողների ուղեւորափոխադրումներն այն բանից հետո, երբ Չինաստանի կառավարությունը նման սահմանափակումներ սահմանեց United Airlines-ի չորս չվերթների համար, հաղորդում է Reuters-ը:
Օգոստոսի 6-ին Չինաստանը United Airlines-ին հայտարարել էր, որ պատժամիջոցներ է կիրառում այն բանից հետո, երբ հուլիսի 21-ին Սան Ֆրանցիսկոյից Շանհայ մեկնող հինգ ուղեւորի մոտ COVID-19-ի ախտորոշման թեստը դրական արդյունք էր ցույց տվել:
ԱՄՆ-ն չորս շաբաթվա ընթացքում 40 տոկոսով կսահմանափակի չինական չորս փոխադրողներից յուրաքանչյուրի թողունակությունը:
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հուա Չունյինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատճառ չունի չինական ավիափոխադրողների ուղեւորների թիվը սահմանափակելու համար: Նա ասել է, որ Չինաստանն արդարացիորեն է վերաբերվում բոլոր ավիաընկերություններին, այդ թվում` ներքին փոխադրողներին, եւ կշարունակի համաճարակի վերահսկման քաղաքականությունը` COVID-19-ի տարածումը սահմանափակելու համար:
ԱՄՆ կառավարությունը հայտարարել է, որ Չինաստանի այս քաղաքականությունը խախտում է երկրի օդային հաղորդակցության մասին պայմանագիրը եւ «անհիմն մեղքը բարդում է այն ուղեւորների վրա, ովքեր Չինաստան ժամանելուց հետո COVID-19-ի թեստի դրական արդյունք են ունեցել»:
Գերատեսչությունը հավելել է, որ փոխադրողները «միջոցներ չունեն չինական իշխանությունների պնդած թեստի դրական արդյունքներն անկախ կերպով ստուգելու համար: Բացի այդ, ոչ մի կերպ հնարավոր չէ պարզել, թե որտեղ եւ երբ ուղեւորը կարող էր վարակվել «վիրուսով»: