Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում բարձրացրել է Անկարայում անընդմեջ ավիրման ենթարկվող հայկական գերեզմանատան հարցը։ Փայլանը մասնավորապես հարցում է ներկայացրել Թուրքիայի խորհրդարանի նախագահությանը և պահանջել, որ դրան պատասխանի Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը։
Akunq.net–ի փոխանցմամբ՝ Անկարայի Յենիքենթ թաղամասում գտնվող Սթանոզ հայկական գերեզմանատունը, թեև 600 տարվա պատմություն ունի, սակայն անտարբերության է մատնված իրավասուների կողմից, որի հետևանքով թիրախի է վերածվել գանձագողերի համար։
Փայլանը հարցման մեջ նշել է․ «Մամուլում հրապարակված լուրերի համաձայն՝ մինչև իսկ հելլենիստական դարաշրջանի սյուներ ունեցող սույն գերեզմանոցը վերջերս բացվել է գանձ որոնողների կողմից, ովքեր գերեզմաններից դուրս են հանել մարդկային ոսկորներ։ Ահազանգ ստանալուց հետո ոստիկանությունն ու քաղաքապետարանի մասնագետները ուսումնասիրություն են իրականացրել գերեզմանոցում, և բացված գերեզմանները փակվել են»։
Փայլանը գրավոր կերպով հետևյալ հարցերն է հղել Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարին․
«Ինչո՞ւ պահպանման տակ չեք վերցնում Անկարայում գտնվող Սթանոզ հայկական գերեզմանատունը։
Արդյոք որևէ միջոց ձեռնարկե՞լ եք Սթանոզի հայկական գերեզմանոցին վնաս հասցրած գանձագողերին բացահայտելու ուղղությամբ։
Ի՞նչ եք անում մշակութային հարստություններին մեծապես վնասող գանձագողության դեպքերը վերացնելու համար։
Ի՞նչ եք անում ամբողջ Թուրքիայում անտեր թողնված բազմաթիվ հայկական գերեզմանոցները պահպանման տակ առնելու ուղղությամբ»։