«Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Սարո Գևորգյանը երկու օրվա արդյունքով առաջատարն է՝ 179 միավորով:
Մրցույթին մասնակցում է 9 երկիր և ընդհանուր առմամբ 11 մասնակից՝ անհատ կատարողներ և խմբեր:
Օգոստոսի 21-ը եղել է «Նոր ալիք-2021»-ի առաջին մրցութային օրը: Այդ օրը մասնակիցները կատարել են համաշխարհային հիթեր: Ժյուրիի նախագահը շարունակում է անփոփոխ մնալ՝ Իգոր Կրուտոյը:
Մրցութային առաջին օրը Սարոն ստացել է 90 բալ, նրան հաջորդել են Ղազախստանի ներկայացուցիչները՝ «Մեցցո» խումբը՝ 86, եռյակը եզրափակել է Բուլղարիայի մասնակիցը՝ Դենիցա Կարասլավովան՝ 85 բալով: Սարոն կատարել է Բեյոնսեի «Listen» երգը:
Մրցույթին մասնակցում են նաև երգիչներ Իսպանիայից, Ավստրալիայից, Ռուսաստանից, Իտալիայից և Վրաստանից:
Երկրորդ օրը՝ օգոստոսի 22-ին Սարոն ստացել է 89 բալ, իսկ ընդհանուր առմամբ՝ 179 բալ: Նրան հնարավոր 10 միավորից 9 է նշանակել միայն երգիչ Լեոնիդ Ագուտինը: Այդ օրը եռյակում հայտնվել են Ղազախստանի ներկայացուցիչները՝ «Մեցցո» խումբը՝ ընդհանուր 170 բալով և Իսպանիայի ներկայացուցիչ Ջորջ Գոնսալեսը՝ 169 բալով:
«Նոր ալիքի» հաջորդ մրցութային օրը օգոստոսի 24-ն է:
Ժյուրիի անդամներն են նաև Ֆիլիպ Կիրկորովը, Դիմիտրիս Կոնտոպուլոսը, Սերգեյ Լազարևը, Լոբոդան, Դիմա Բիլանը, Ալեքսանդր Ռոզենբաումը, Դիմաշ Կուդայբերգենը և Artik-ն ու Asti-ն: