Նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձներ է ստանում միջազգային գործընկերներից՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ լրատվական ծառայությունից,
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն իր շնորհավորական ուղերձում համոզմունք է հայտնել, որ Հայաստանի Հանրապետությունը նշանակալի ներդրում կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների միջեւ դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման, միջազգային եւ տարածաշրջանային հարթակներում աշխատանքների համակարգման մակարդակի բարձրացման գործում։
Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նշել է, որ Արարատ Միրզոյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնում կուտակած փորձը շատ կարեւոր է լինելու ԵԽ հետ հետագա համագործակցության զարգացման համար։ Նա նաեւ վստահեցրել է, որ ԵԽ-ն մշտապես պատրաստ է աջակցել Հայաստանին այս բարդ ժամանակահատվածում՝ հաղթահարելու առկա մարտահրավերները։
Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխտար Թլեուբերդին իր ուղերձում գոհունակությամբ նշել է Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը ու համոզմունք հայտնել, որ հետագայում նոր խթան կհաղորդվի ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը եւ հայ-ղազախական երկկողմ կապերի արդյունավետ զարգացմանը։
Բելառուսի Հանրապետության ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը Արարատ Միրզոյանին ուղղված ուղերձում վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջեւ հարաբերություններն արդյունավետորեն կզարգանան, եւ տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի բարեհաջող իրականացումը կբխի Հայաստանի եւ Բելառուսի շահերից ու կնպաստի երկու ժողովուրդների մերձեցմանը։
Բուլղարիայի Հանրապետության ԱԳ նախարար Սվետլան Ստոեւը համոզմունք է հայտնել, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ ակտիվ կապերն ու արդյունավետ հարաբերությունները կշարունակեն նպաստել երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցությանը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների։
Սլովակիայի Հանրապետության արտաքին եւ եվրոպական հարցերի նախարար Իվան Կորչոկը նշում է, որ Արարատ Միրզոյանի հարուստ քաղաքական փորձը կնպաստի ոչ միայն ՀՀ արտաքին քաղաքական շահերի առաջմղմանը, այլեւ Հայաստանի ու Սլովակիայի միջեւ հարաբերությունների համակողմանի զարգացմանը:
Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի եւ սփյուռքի նախարար դոկտոր Ֆայսալ Մեքդադը հաջողություններ է մաղթել Արարատ Միրզոյանին իր պատասխանատու առաքելությունում եւ վերահաստատել սիրիական կողմի պատրաստակամությունը՝ ամրապնդելու երկու երկրների միջեւ պատմական բարեկամական հարաբերություններն ու ընդլայնելու համագործակցությունը՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերում։
Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրին հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Եգիպտոսի բարեկամական հարաբերությունները կշարունակեն ծառայել որպես ամուր հիմք՝ ընդհանուր հետաքրքրության բոլոր հարցերում համագործակցության շարունակման եւ ամրապնդման համար:
Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարար եւ նախարարների խորհրդի հարցերով պետական նախարար շեյխ, դոկտոր Ահմեդ Նասսեր Ալ-Մուհամմեդ Ալ-Սաբահը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուղղված իր շնորհավորական ուղերձում պատրաստակամություն է հայտնել համատեղ ջանքերի միջոցով առավել զարգացնել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունները։
ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին Արարատ Միրզոյանին շնորհավորել է ՀՀ ԱԳ նախարարի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել ամենայն բարիք եւ արդյունավետ աշխատանք։