ՀՀ քննչական կոմիտեն իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում այսօր հրապարակել է «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծի ընդունման արդյունքում կհայտարարվի համաներում, որը կտարածվի 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական գործողություններին մասնակցած այն անձանց նկատմամբ, որոնք մինչև 2020թ. սեպտեմբերի 26-ը ներառյալ, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ից մինչև 2021թ. մարտի 24-ը (երկրում հայտարարված ռազմական դրության ժամկետի ավարտը) կասկածվում, մեղադրվում են կամ դատապարտվել են ՀՀ ՔՕ 32-րդ գլխով նախատեսված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարելու համար (ՔՕ 356-383 հոդվածներ):
«Արդյունքում պետությունը, համաներում հայտարարելով, գնահատում է ռազմական գործողությունների ընթացքում իր զինված ուժերի կողքին կանգնելու քաղաքացիական պարտքի կատարման վեհ գործին նվիրումը, ինչին ի պատասխան ցուցաբերում է մարդասիրական մոտեցում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ»,- նշված է նախագծի հակիրճ բնութագրում: