Ուղեվարձի թանկացումը ժամանակավորապես կասեցնելու մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշման համաձայն ուղեվարձի սակագինը անփոփոխ մնաց՝ 100 դրամ, սակայն հարցի շուրջ խմորումները դեռևս շարունակվում են: Հասարակությունը շարունակում է վճարել 100 դրամ, բայց երթուղինները սպասարկող ընկերությունների ներկայացուցիչները դեռևս հույս ունեն, որ խնդիրը հանձնաժողովի միջոցով կքննարկվի ու սակագինը կբարձրանա:

«Դարձել ենք վարորդների գերին, ամեն օր մեկը գալիս է, բանալին հանձնում ու հրաժարվում աշխատելուց, որովհետև ամեն ինչը թանկացել է, բայց իրենց աշխատավարձը անփոփոխ է մնացել, ես ի վիճակի չեմ աշխատավարձ բարձրացնելու, քանի որ 100 դրամ սակագնով այլևս անհնար է սպասարկում իրականացնել», - մեզ հետ զրույցում նշեց «Հրաչուհի-Հռիփսիմե» ՍՊԸ հիմնադիր Վալերի Խաչատրյանը:

Թե որքանով է վարորդների համար շահեկան ուղեվարձի սակագնի բարձրացումը փորձեցինք զրուցել վարորդների հետ: 57 համարի ավտոբուսի վարորդ Վարուժանի խոսքերով 100 դրամով աշխատելն արդեն անհնար է. «Մեքենայի ծախսերը շատ են, վառելանյութն ու ավտոպահեստամասերը շատ թանկ են ու ցանկալի է, որ մի քիչ շատ փող լինի»: Իսկ մեր այն հարցին, թե արդյոք բավականացնում է իր ստացած աշխատավարձը իր ամենօրյա ծախսերը բավարարելու համար, նա, պարզապես, քմծիծաղով պատասխանեց. «Դե հիմա ով է ապրում որ, բոլորս էլ յոլա ենք գնում, իմիջիայոց ենք ապրում, մի՞թե սա ապրել է համարվում, պարզապես, գոյատևում ենք: Շատ ժամանակ առավոտվա ժամը 6-ից գալիս եմ աշխատանքի մինչև ժամը 10-11 աշխատում եմ ու օր է լինում, որ ոչ մի կոպեկ եկամուտ չենք ունենում, բայց դե օր էլ լինում, որ 1000-2000 փող ենք ունենում, բայց դա ի՞նչ է»,- ընդգծեց Վարուժանը:

Վարորդները չնայած թերահավատորեն են վերաբերվում այն հանգամանքին, որ սակագնի բարձրացումից հետո հնարավոր է իրենց աշխատավարձը բարձրանա, բայց և միևնույն ժամանակ նշում են, որ այսպես էլ այլևս անհնար է. «Գազը թանկացրին, ամենօրյա օգտագործման բոլոր ապրանքները թանկացել են, թող մեր աշխատավարձն էլ ավելանա, որ կարողանանք գոնե հաց ուտել, ամբողջ աշխարհում վարորդները մեծ գումարներ են աշխատում, մենակ մենք ենք, որ հազիվ կարողանում ենք օրվա հացի փող աշխատել»,- իր դժգոհությունը հայտնեց 10 տարվա վարորդ Արմենակը, հավելելով. «10 տարի է վարորդ եմ աշխատում, ու պատկերացնում եք, որ ես օրվա ընթացքում քանի մարդու կյանք է իմ ձեռքերում, եթե ես ամբողջ օրը մտածեմ, թե ումից եմ պարտքով փող ուզելու, որ ընտանիքիս հաց տանեմ, բա պարզ չի, որ ղեկին ցրված կնստեմ ու Աստված չանի հազար ու մի փորձանք կարող է պատահել»:

Չնայած վարորդներն էլ նշում են, որ իրենք էլ հասարակության անդամ են ու այդ ուղեվարձի թանկացումը իրենց վրա էլ կարող է բացասական ազդեցություն ունենալ, բայց, այդուհանդերձ գտնում են, որ եթե սպասարկումն էլ բարելավվի, ապա ավելի նպատակահարմար է 150 դրամով ապահով ու անվտանգ երթևեկես, քան 100 դրամով ու ինչ-որ մեկի գիրկը նստած կամ կանգնած: