Երեւանը ցույց կտա Ռուսաստանից ձեռք բերված զենքը, երբ դրա ժամանակը գա: Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: «Մենք ունենք բազմաթիվ միջոցներ, որոնց մասին ներկայում խոսելը նպատակահարմար չէ», ասել է Դավթյանը:
Նախորդ օրը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանը Հայաստանին մատակարարել և շարունակում է զենք մատակարարել:
Միաժամանակ, Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ կառավարությունում տեղի են ունենում քննարկումներ հանրապետությունում տեղակայված 102 -րդ ռուսական ռազմակայանի ուժեղացման վերաբերյալ: Բազայի մարտունակության բարձրացումն ամրագրված է ՀՀ կառավարության ծրագրում, նշել է Գրիգորյանը:
Արդյո՞ք սա նշանակում է, որ Ռուսաստանը զենք է մատակարարում Գյումրիի իր բազային, դա անվանելով մատակարարում Հայաստանին: Ինչ կտա սա Հայաստանի անվտանգությանը՝ մենք տեսանք 44-օրյա պատերազմի ընթացքում, որը կոչվում է նաև ռուսական զենքի պարտություն:
Ալիևը Ռուսաստանի՝ Հայաստանի «փրկչի» կերպարը վերականգնելու համար, մեղադրել է Մոսկվային Հայաստանին զենք մատակարարելու մեջ: Սակայն այստեղ մեկ այլ շերտ էլ կա։ Մոսկվան արձագանքել է՝ զենքի մատակարարումը Ռուսաստանի ինքնիշխան իրավունքն է, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օգոստոսի 19 -ին կայացած ճեպազրույցի ժամանակ: «Մենք համապատասխան փոխգործակցություն ենք հաստատել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Մենք հաշվի ենք առնում տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը»: Հին ու ծանոթ արտահայտություն է, այնպես չէ՞։ Մոսկվան «հավասարակշռության» պատրվակով Բաքվին կտրամադրի հարձակողական զենքի նոր տեսակներ:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին դաշույն էր նվիրել: «Մենք կարող ենք համարել, որ Հայաստանին զենքի մատակարարման գործընթացը սկսվել է», ասվել էր Շոյգուն:
Սա, իհարկե, այն «Կինժալը» (դաշույն) չէ․ ռուսական գերձայնային ավիացիոն հրթիռային համակարգ, որը «Իսկանդեր» համալիրի ավիացիոն տարբերակն է, որը 2017 թվականի դեկտեմբերի 1-ին սկսեց փորձնական մարտական հերթապահություն իրականացնել Հարավային ռազմական օկրուգի օդանավակայաններում:
Հայաստանի պաշտպանության նախարարին նվիրել են սովորական դաշույն: Ինչ վերաբերում է «նոր» զենքին, ապա օգոստոսի 11-ին Հայաստանը փորձարկեց կատարելագործված «OSA-AK» զենիթահրթիռային համալիրները: Սա կարճ հեռահարության ՀՕՊ համակարգ է, որը նախատեսված է անձնակազմով և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար:
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/08/23/663257/