ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսային զրույցի ժամանակ նշել է, որ Սիրիայում հնարավոր ռազմական միջամտությունը հղի է ծայրահեղ վտանգավոր հետևանքներով ամբողջ Մերձավոր Արևելքի համար: Այս մասին հաղորդում է Риа Новости գործակալությունը
«Հատուկ զարմանք են առաջացնում ադմինիստրացիայի որոշ ներկայացուցիչների հղումները այն մասին, որ ունեն անցած շաբաթ Արևելյան Գուտայում Սիրիայի կառավարության կողմից օգտագործված քիմիական զենքի մասին»,- նշված է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Ռուսաստանը կոչ է արել ԱՄՆ-ին, հետ մնալ Սիրիայի վրա ուժային ճնշում գործադրելուց, չենթարկվել սադրանքներին և ձգտել ստեղծել նորմալ պայմաններ, որպեսզի այժմ Սիրիայում գտնվող ՄԱԿ-ի փորձագետները կարողանան տեղում կատարել օբյեկտիվ և անկողմնակալ հետաքննություն: Ինչպես շեշտել է Ռուսաստանի ԱԳՆ-ն սա հատուկ նշանակություն է ձեռք բերում այն փաստերի ֆոնին, որ Արևելյան Գուտայում քիմիական զենքը օգտագործել են ապստամբները` նպատակ ունենալով դրա մեջ մեղադրել պաշտոնական Դամասկոսին:
Քերին իր կողմից խոստացել է ուշադրությամբ ուսումնասիրել ռուսական կողմի փաստարկները:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, իր հերթին անդրադառնալով Սիրիայի ԱՄՆ-ի կողմից հնարավոր ռազմական միջամտությանը, նշել է.« Սիրիա ռազմական ներխուժման հարցը բարձրանում է արդեն ոչ առաջին անգամ: Ճգնաժամի հենց սկզբից ԱՄՆ, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան փորձել են կատարել ռազմական ներխուժում, սակայն ի դժբախտություն նրանց դեպքերը այլ ընթացք ստացան: ԱՄՆ-ին սպասում է անհաջողություն, ինչպես նրա կողմից նախաձեռնված բոլոր պատերազմներում` սկսած Վիետնամից մինչև մեր օրերը»: