Մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի արտաքին մաքրման, ներկման և բարեկարգման աշխատանքները Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով մեկնարկել էին հունիսին: Այս տարի ծրագրում ներառվել էր 32 շենք` Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում:

Նախատեսվածի համաձայն՝ մեծ ճնշման ջրաշիթերով և հատուկ հեղուկներով լվացվել և մաքրվել են շենքերի ճակատային հատվածները, վերականգնվել են արտաքին պատերի և պատշգամբների թափված ծեփոնները, 10-ից ավելի շենքերում նաև ներկման աշխատանքներ են իրականացվել:

Անհրաժեշտության դեպքում նորերով են փոխարինվել նաև պատուհանները, վերականգնվել են տեղաշարժված կամ քանդված քարերը: Ծրագիրը, ինչպես և նախատեսված էր, ավարտվել է օգոստոսին: Նշենք, որ մայրաքաղաքում շենքերի մաքրման և բարեկարգման աշխատանքները կշարունակվեն նաև 2014 թվականին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն