Խնդրում ենք եւս մեկ անգամ՝ նորից դառնալ զինվոր, նորից ընդգրկվել հայրենիքի պաշտպանությանը, նորից լավ սովորել, ինչպես արել եք նախորդ ծառայության ժամանակ, նորից սովորեք զենք բռնելը եւ ձեր ներկայությունն այստեղ հիմք է հանդիսանում, որ մեր խաղաղությունը լինի ամուր ձեռքերում եւ մեր երկիրը լինի պաշտպանված։ Այս մասին ինչպես հաղորդում է «Զինուժը» օգոստոսի 26–ին, եռամսյա վարժական հավաքների մասնակիցների հետ հանդիպմանն՝ ասել է Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։
Պաշտպանության նախարարը նշել է՝ առավելագույնն է արվելու, որ հավաքների մասնակիցները լիարժեք ներգրավվեն զորամասի առօրյային եւ մարտական պատրաստության միջոցառումներին։
Նախարարը վստահեցրել է, որ Կառավարության կողմից ամեն ինչ է արվելու, որպեսզի հավաքի մասնակիցների սոցիալական խնդիրները լուծվեն։ Արշակ Կարապետյանն անձամբ է համտեսել հավաքի մասնակիցների համար նախատեսված ճաշատեսակները. «Փորձեցի, իմ դուրն էլ եկավ»։
Նախարարը տեղում ծանոթացել է հավաքի մասնակիցների կենցաղ–կացարանային պայմաններին։ Նա հանձնարարել է առավելագույնն անել սնունդն ու կացարանային պատշաճ պայմաններ ապահովելու համար։
Ապա Կարապետյանն այցելել է նորաստեղծ հատուկ զորամիավորում, որի ղեկավար ու ենթակա կազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատար, գեներալ–մայոր Արտակ Բուդաղյանին։
Նախարարը գոհունակություն է հայտնել քաղաքացիների՝ եռամսյա հավաքի մասնակցությունից։
«Բավականին լավ ներկայացել են զինկոմիսարիատներ, ոչ մի տեղ ոչ մի խոչընդոտ չի եղել. աա մեզ պարտավորեցնում է։ Այս երեք ամիսն օգտագործեք էֆեկտիվ, այդ մարդիկ պատրաստ են սովորել»,– ասել է նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։