Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցին։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, Թուրքիայի նախագահը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ տարածաշրջանում խաղաղության առումով Թուրքիայի կողմից դրական ազդակներ կան, ասել է, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը։
Էրդողանն ասել է, որ տարածաշրջանին կառուցողական մոտեցում է պետք։ «Եթե նույնիսկ կան տարաձայնություններ, հարևանների հետ հարաբերությունները պետք է զարգացնել տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը հարգելու հիման վրա։ Մենք կարող ենք աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, որի նոր կառավարությունը հայտարարել է այդ ուղղությամբ շարժվելու պատրաստակամության մասին»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ տնտեսական զարգացման հարցերով զբաղվելը և համագործակցության համար պայմաններ ստեղծելը հնարավոր են միայն կայուն խաղաղության ապահովումից հետո։
Էրդողանը կրկին անդրադարձել է այսպես կոչված «Վեցի հարթակ»-ին, որին կարող են մասնակցություն ունենալ Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը, Հայաստանը, Վրաստանը։ Նրա խոսքով՝ եթե այդպիսի հարթակի կազմակերպումը հնարավոր դառնա, տարածաշրջանում շատ ավելի հանգիստ կլինի։
Նա հավելել է, որ տարածաշրջանում անհրաժեշտ է երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ կառուցել, «որոնք երկրների կկապեն, և այդպիսով շատ խնդիրներ կհաղթահարվեն»։
Օգոստոսի 27-ին ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ տարածաշրջանային խաղաղության առումով Թուրքիայի կողմից որոշակի դրական ազդակներ կան։ «Մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք»,- ասել էր ՀՀ վարչապետը։