Նստացույցի մասնակիցների և առհասարակ ակտիվիստների նկատմամբ ավելացել է բռնությունների և սպառնալիքների քանակը: Այսօր քաղաքապետարանի դիմաց անցկացվող ասուլիսի ընթացքում այս մասին նշեց նստացույցի մասնակից Սուրեն Սահակյանը:

«Մեր անվտանգությունը վտանգված է», - հայտարարեց նա, հավելելով, որ սկզբից հարցնում են ակտիվիստ են թե ոչ, նոր ֆիզիկական ուժ գործադրում:

Նա նշեց, որ խնդրել ենք իրենց ոստիկաններ տրամադրել՝ անվտանգության ապահովման համար:
Սուրեն Սահակյանը պարզաբանեց, որ օրեր առաջ «Էս մեր հերերին եք կպնու՞մ» արտահայտությունն օգտագործելով բռնություն են գործադրել ակտիվիստների նկատմամբ, առևանգել մեկի շղթան, կոտրել հեռախոսը, տարել փաստաթղթերը: Այս ամենը եղել է տասնյակ տեսախցիկների հսկողության տակ:

Նստացույցի մյուս մասնակից Վահագն Մինասյանն էլ նշեց, որ այս օրերի ընթացքում բազմիցս ապօրինի կերպով իրենց տարել են ոստիկանություն՝ այդ կերպ խոչընդոտելով իրենց ազատ տեղաշարժման իրավունքը:
«Բազմից տարել են ոստիկանական բաժին, արձանագրություններ կազմել վարչական իրավախախտումների մասին: Սակայն այդպիսի խախտումներ չեն եղել: Սա մատնանշում է ոստիկանների անգործությունն ու ոչ պրոֆեսիոնալիզմը», -հայտարարեց նա:

Վ. Մինասյանը նաև նշեց, որ պաշտոնապես դիմել են՝ իրենց անվտանգության ապահովման համար ոստիկաններ տրամադրել: