Ադրբեջանը, Թուրքիայի հանցակցությամբ, գրոհայիններ է ուղարկում Լեռնային Ղարաբաղի օկուպացված հատված, news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: Դա, նրա կարծիքով, մի քանի նպատակ է հետապնդում: «Թուրքիան ցանկանում է փրկել իր զինյալների ողնաշարը, որն օգտագործում է տարբեր տարածաշրջաններում, հիմնականում Մերձավոր Արեւելքում: Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներում գրոհայինների տեղակայումը լուրջ խնդիրներ կստեղծի Ռուսաստանի, Իրանի, ընդհանրապես տարածաշրջանային անվտանգության համար եւ մի տեսակ վերահսկողություն է բուն Ադրբեջանի վրա: Այս շրջաններում արդեն կան բազմաթիվ միջազգային ահաբեկչական խմբավորումներ, որոնք իրականում չեն վերահսկվում Բաքվի կողմից, բայց վերահսկվում են Թուրքիայի կողմից: Այսպիսով, Թուրքիան ամրապնդում է իր դիրքերը Ադրբեջանում: Թուրքիան ուժային լծակներ է օգտագործում, որպեսզի «եղբայրը» չվերանայի իր «եղբայրական հարաբերությունները» Անկարայի առաջադրանքի հարցում: Մենք տեսնում ենք խորապես մտածված աշխարհաքաղաքական գիծ, որտեղ ակտիվորեն օգտագործվում են արմատական ահաբեկչական ուժեր», ասել է Դավիթ Բաբայանը:

Ահաբեկչական կազմակերպություններն անկասկած լուրջ ռեսուրս են շատ պետությունների համար, որոնք օգտագործում են նրանց տարբեր տարածաշրջաններում, այդ թվում նաեւ՝ համատեղ։ Հիշվում է 2020-ի Արցախի պատերազմի ժամանակ Թուրքիայի կողմից ահաբեկիչների ներգրավումը Սիրիայից, որը տեղեկատվական մեծ աղմուկ առաջացրեց ռուսական ու հայկական զլմ-ներում։ Ռուսաստանին, Իրանին, տարածաշրջանին սպառնացող վտանգների, նույնիսկ հակաահաբեկչական կոալիցիայի հնարավորության մասին խոսակցությունները տեղի էին ունենում նաեւ այն ժամանակ։ Նիկոլ Փաշինյանը 2020-ի հոկտեմբերին ՌԴ-ին կոչ էր անում հակաահաբեկչական գործողություն սկսել Արցախում, քանի որ ահաբեկիչները մոտեցել են Ռուսաստանի սահմաններին։

Արցախում ահաբեկիչների հարցով տեղի էր ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց։ Ռուսաստանի հակահետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, որի ընտանեկան շռայլ ծախսերը, ըստ ռուսական զլմ-ների, հոգում է ադրբեջանցի մոսկվաբնակ գործարար Գոդ Նիսանովը, հայտարարել էր, թե հարյուրավոր, հազարավոր ահաբեկիչներ մեկնում են Լեռնային Ղարաբաղ, եւ Անդրկովկասը կարող է դառնալ «պլացդարմ ահաբեկիչների համար»։ Իր հերթին, նման մեկնաբանություն էր տվել նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, եւ ի պատասխան Բաքվի դժգոհության՝ ՌԴ ԱԳՆ-ն հավաստել էր, որ Լավրովի հայտարարության մեջ կշտամբանք որեւէ երկրի հասցեին չկա։ Ավելի ուշ Լավրովը հայտարարել էր, որ ահաբեկիչներն այլեւս որեւէ վտանգ չեն ներկայացնում։

Ինչպես եւ ինչու են 2020-ին ահաբեկիչները հայտնվել Արցախում, ինչ դեր են խաղացել եւ ինչու նրանք դարձան «անվտանգ»։  

https://www.lragir.am/2021/08/30/664700/