«Ադրբեջանը հակասություններ ունի Ռուսաստանի հետ», «Հայաստանի դեմ Ադրբեջանի ճնշման փորձերն ուղղված են նաեւ Մոսկվայի դեմ», «Ադրբեջանն իր քայլերով փորձում է վարկաբեկել Ռուսաստանի միջնորդական ջանքերը», «Ռուսաստանը նոր փուլում ուժեղացնում է Հայաստանը», «Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել Արցախի կարգավիճակի հարցը փակելու համար»․ հայկական պաշտոնական եւ մեդիա-վերլուծական շրջանակներին հետեւելիս տպավորություն է, որ աշխարհը պտտվում է Բաքվի շուրջ, Բաքուն էլ պտտում է աշխարհը, եւ մասնավորապես Ռուսաստանին։

Մի ժամանակ էլ կարծես թե Նիկոլ Փաշինյանի շուրջ էր ամեն ինչ պտտվում՝ նա է հրահրել պատերազմը, իրար խառնել աշխարհը։

Հիմա չի հասկացվում՝ Ռուսաստանն այդքան էլ չկա՞, եւ եռակողմ հայտարարությունը, Արցախի հարցի փակումը, կարգավիճակի ոչնչացումը Մոսկվան ընդունել է Բաքվի ճնշման տա՞կ։ Թե՞ «խաղաղ դարաշրջանի» համար նոր հիմնավորումներ են պետք, առավել եւս, որ Պուտինը հայտարարել է պատմությունը զրոյացնելու եւ նոյեմբերի 9-ից սկսելու մասին, այսինքն՝ ճանաչելու պատերազմի արդյունքներն ու «հետպատերազմյա կարգավորումը»։ Ինչպես արեցին 1921 թ․ մարտի 16-ին։

«Ադրբեջանի լեգալիզացիան» որպես պետություն, Հայաստանի ներկայիս ճգնաժամի ու պատերազմի անհաջող ընթացքի վերաբերյալ կեղծ կողմնորոշիչներով մեկնությունները եւ հայկական պահանջների բացառումը նոյեմբերի 9-ից «նոր փուլի» կամ «խաղաղ դարաշրջանի» մեկնարկի անհրաժեշտ պայմաններն են, որին Մոսկվան պատրաստում է Հայաստանին։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/08/31/664805/