Գիտելիքի և դպրության օր, պետական տոն, նշվում է սեպտեմբերի 1-ին՝ նոր ուսումնական տարվա առաջին օրը։ Նշվում է 1984 թվականից, հաստատվել է ԽՍՀՄ Բարձրագույն խորհրդի նախագահության՝ հունիսի 15-ի № 373-11 «Սեպտեմբերի 1-ը համաժողովրդական տոն՝ Գիտելիքի օր հայտարարելու մասին» հրամանագրով: Պետական տոն է Հայաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում և Ղազախստանում:

Սեպտեմբերի 1-ին ուսումնական տարին սկսելու ավանդույթը հին ակունքներ ունի: 4-րդ դարում՝ 325 թվականի մայիսի 20-ին, Բյութանիայի Նիկիա քաղաքում բյուզանդական կայսր Կոստանդիանոս Ա Մեծի հրամանով գումարվել է Նիկիայի Ա տիեզերական ժողովը, որտեղ որոշում կայացվեց նոր տարին սկսել սեպտեմբերի մեկից։

Ըստ ավանդության Արիստակեսը Հայաստան է բերում Նիկիական ժողովի որոշումները և ներկայացնում Գրիգոր Լուսավորչին։ Վերջինս դրանք ներմուծում է Հայ եկեղեցու դավանաբանության և ծիսակարգի մեջ։ Եվ քանի որ այդ ժամանակաշրջանում բոլոր դպրոցները գործում էին եկեղեցիներին կից, նոր ուսումնական տարին ևս սկսեցին նշել սեպտեմբերի մեկին: Իսկ Ռուսաստանում այն սկսում են նշել 15-րդ դարի վերջին՝ 1492 թվականին, Հովհաննես III-ի հրամանով։ Բայց շատ պատմիչներ գտնում են, որ եկեղեցին Հովհաննեսի ցուցումով մինչ այդ տարվա սկիզբը արդեն սկսել էր տոնել սեպտեմբերին։

1699 թվականին Պետրոս Մեծի հրամանով Ռուսաստանում Նոր տարին սեպտեմբերի 1-ից տեղափոխվեց հունվարի մեկ: Ստացվեց, որ 1699 թվականը ունեցավ ընդամենը 4 ամիս՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր, իսկ հունվարի 1-ից սկսվեց 1700 թվականը։ Սակայն երեխաները գնացին դպրոց սեպտեմբերի 1-ից։ Ուսումնական գործընթացը արագացնելը և չորս ամսում ամբողջ տարվա ծրագիրը յուրացնելը անհնար էր, ուստի սեպտեմբերի 1-ից նոր ուսումնական տարին սկսելու ավանդույթը մնաց անփոփոխ։ Մյուս պատճառն էլ այն էր, որ այդ օրերին դպրոցը սերտ կապված էր եկեղեցու հետ, իսկ եկեղեցին չէր շտապում փոխել իր ամանորյա օրացույցը, որտեղ Նոր տարին նշվում էր սեպտեմբերի 1-ին։

Սեպտեմբերի 1-ը՝ որպես Գիտելիքի օր, սկսել է նշվել ԽՍՀՄ-ում։ Մինչ XX դարի 30-ական թվականները ԽՍՀՄ-ում ուսումնական տարվա սկիզբը պաշտոնապես հաստատված չէր։ Դասերը տարբեր ուսումնական հաստատություններում սկսվում էր տարբեր օրերի։ Օրիանակ՝ գյուղերում ուսումնական տարին սկսվում էր խոր աշնանը, երբ ավարտվում էին գյուղատնտեսական աշխատանքները, բայց ահա քաղաքներում գիմնազիաները սկսում էին գործել դեռևս օգոստոսի կեսերից։ 1930 թվականի օգոստոսի 14-ին Ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշեց, որ 8-10 տարեկան բոլոր երեխաները պիտի դպրոց ընդունվեն աշնանը։

1935 թ. սեպտեմբերի 3-ին Ժողովրդական կոմիսարների խորհրդի ու ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեի համատեղ որոշմամբ սեպտեմբերի 1-ը հայտարարվեց ուսումնական տարվա սկիզբ։ Հենց այդ ժամանակ էլ որոշվեց ուսումնական տարվա և արձակուրդների մոտավոր տևողությունը։

1980 թ. հոկտեմբերի 1-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշման համաձայն սեպտեմբերի 1-ը պաշտոնապես հայտարարվեց Գիտելիքի օր։