Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահ Լեոնիդ Տիբիլովին:

Ուղերձում ասված է.

«Արցախի Հանրապետության իշխանությունների, ժողովրդի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ եւ Հարավային Օսիայի եղբայրական ժողովրդին Ռուսաստանի Դաշնության կողմից Հարավային Օսիայի Հանրապետության պետական անկախության ճանաչման 5-րդ տարեդարձի կապակցությամբ:

2008թ. օգոստոսը դարձավ օս ժողովրդի հնագույն պատմության ողբերգական, բայց եւ միաժամանակ հերոսական էջերից մեկը: Իր լավագույն որդիների եւ դուստրերի արյան գնով հանրապետությունը կարողացավ դիմակայել արտաքին ոտնձգություններին, պաշտպանել իր ազատությունը եւ պահպանել երկրի ինքնիշխանությունը: Ռուսաստանի Դաշնության եւ այլ երկրների կողմից Հարավային Օսիայի անկախության ճանաչումը դարձավ Ձեր պետության անվտանգ գոյակցության եւ շարունակական զարգացման, ինչպես նաեւ հետագայում ագրեսիվ գործողությունների բացառման հուսալի երաշխիք:

Մենք անկեղծորեն ուրախ ենք, որ Հարավային Օսիան դինամիկ կերպով զարգանում է, հաջողությամբ լուծում իր առջեւ ծառացած խնդիրները եւ վստահորեն նայում դեպի արժանի ապագան:

Մեկ անգամ եւս ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Լեոնիդ Խարիտոնի, եւ հարավ-օսական ողջ ժողովրդին հոբելյանի առթիվ:

Խաղաղություն եւ բարգավաճում Հարավային Օսիայի եղբայրական ժողովրդին»: