Սյունիքի դեպքերից հինգ օր հետո սկսվել է ապատեղեկատվություն, երբ համացանցում տեղադրվեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքերի կեղծ տեսանյութը:

Այսօր կայացած ասուլիսի ընթացքում անդրադառնալով այս դեպքերին նշեց Արտակ Բուդաղյանի իրավապաշտպան Հայկ Ալումյանը, հավելելով, որ այժմ սկսվել է ապատեղեկատվության երկրորդ ալիքը:

«Թողած գործը, գործի էությունը, Սուրիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի անդամների և մերձավորների կողմից արված սպանությունը թողած, քննչական մարմինը ուշադրությունը գրավել է Արտակ Բուդաղյանի վրա, կարծես թե նա է ամբողջ հեղինակը: Նրան սխալ է ներկայացված և ներկայացվում է որպես ագրեսոր», - նշեց նա:

Ըստ իրավապաշտպանի, դա արվում է, որպեսզի տուժած կողմը լինի ճնշումների ներքո, որպեսզի դեպքը լուծում ստանա ի օգուտ Սուրիկ Խաչատրյանի:
«Տեսնելով, որ Արտակ Բուդաղյանի մեղադրանքը ոչ մի կերպ չի հիմնավորվում, քայլեր են արվում, որպեսզի մեղադրանքը խստացվի , դա արվում է զինդատախազության կողմից», - նշեց նա:

Հ. Ալումյանը նշեց, որ Արտակ և Ավետիք Բուդաղյանների հայր Էմիլ Բուդաղյանը բաց նամակով դիմել է ՀՀ նախագահին: Վերջին ակնկալիքը, նրա խոսքերով, ՀՀ նախագահի միջամտության ակնկալիքն է, որի միջոցով հույս կա, որ արդարությունը կվերականգնվի և մեղավորները կպատժվեն: Փաստաբանը նշեց, որ այս նամակից հույսեր ունեն: