2013-2014 թվականների ուսումնական տարին մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում պատշաճ ձևով դիմավորելու նպատակով տարվել են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ: Այս մասին աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է զեկուցել հանրակրթության վարչության պետը:

«Նոր ուսումնական տարին բարձր մակարդակով դիմավորելու և այդ օրերին երեխաների անվտանգությունն ապահովելու համար պետք է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը: Այդ նպատակով մայրաքաղաքի փողոցներում, մասնավորապես՝ կրթօջախներին հարակից տարածքներում, ճանապարհային ոստիկանության հետ համատեղ սեպտեմբերի 1-ից 30-ը պետք է հատուկ հսկողություն սահմանենք»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը հանձնարարել է մինչև օգոստոսի 30-ն ապահովել տարրական դասարանների աշակերտների անվճար դասագրքերի բաշխումը: Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև հանրակրթական դպրոցների բուժկետերը համալրել առաջին բուժօգնության անհրաժեշտ դեղորայքով և պարագաներով: Քաղաքապետի հանձնարարությամբ՝ կձեռնարկվեն քայլեր նաև դպրոցներում անխափան ջրամատակարարում և էլեկտրամատակարարում ապահովելու ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներով ստացվող հեռախոսազանգերի արձագանքման ընթացքին անդրադառնալով` վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցներում և վարչական շրջաններում համապատասխանաբար ստացվել են 206 և 108 հեռախոսազանգ: Դրանց զգալի մասին տրվել են սպառիչ պատասխաններ և համապատասխան լուծումներ, 83 հարցի պատասխանն էլ ընթացքի մեջ է: Քաղաքացիների կողմից մայրաքաղաքի 2 դպրոցների և 1 մանկապարտեզի վերաբերյալ թեժ գծերով բարձրացված բողոքների հետ կապված՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է պատասխանատու անձանց օրենքով սահմանված կարգով ենթարկել պատասխանատվության: