Հայաստանում նոր որակի, հասարակական-քաղաքական վերափոխման, դրան ուղղված նախաձեռնությունների անհրաժեշտության մասին խոսվել է միշտ, համենայնդեպս վերջին տասնամյակի ընթացքում բավականին հաճախ: Այդ հաճախակիությունը բազմապատկվել է հատկապես պատերազմից հետո, այն ծանր հետեւանքից հետո, որ ունեցավ պատերազմը Հայաստանի ու Արցախի համար: Սակայն, որքան Հայաստանում բազմապատկվում է այդ մասին խոսակցությունների հաճախակիությունը, եւ որքան Հայաստանում հաճախակի են դառնում դրանց համատեքստում ծավալվող տարբեր հասարակական-քաղաքացիական նախաձեռնությունները, բավականին հնչեղ, խոսուն, հաճախ պաթետիկ անվանումներով, այնքան մենք հասարակական-քաղաքական մակարդակում հեռանում ենք մեզ շրջապատող աշխարհաքաղաքական իրականությունից եւ հայտնվում օդում: Այն դեպքում, երբ մեր բոլորի հավաքական սխալներով, պատրանքներով, թյուր պատկերացումներով հանդերձ, ավերիչ պատերազմից հետո գոնե բոլորս պետք է իջնեինք գետին եւ իրականությունը փորձեինք գնահատել, եւ փորձենք գնահատել առավելագույն սթափության եւ իրատեսության, առավելագույն համարժեքության մակարդակում:

Մենք անընդհատ խոսում ենք պատմությունից դաս քաղելու անհրաժեշտությունից, իրականությունը անընդհատ չափում ենք պատմության պրիզմայով, հավաքականորեն «բնակվում» ենք պատմության մեջ, այդպես էլ անկարող լինելով տեղափոխվել ներկա եւ ապագա, իսկ պատմությունը դիտարկել լոկ ներկան ու ապագան ուսումնասիրելու եւ հանգամանալից գնահատելու միջոց, ոչ ավելի: Այն դեպքում, երբ պատմությունից քաղած մեր գլխավոր դասը թերեւս պետք է լինի այն, որ անհրաժեշտ են ներկա եւ ապագա գնահատելու, կանխատեսելու, նախագծելու, հաշվարկելու, համաշխարհային զարգացումները այդ ռեժիմում չափել կարողանալու անհրաժեշտ ինստիտուցիոնալ մեխանիզմներ:

Ոչ թե պատմագիտության կամ պատմա-քաղաքական ինստիտուցիոնալ «դասերի» նորանոր միջավայրեր՝ գրեթե լույսի արագությամբ փոփոխվող աշխարհում, այլ ներկա ու ապագա գնահատելու ինստիտուցիոնալ կարողություններ: Իսկ դա մեզանից պետք է պահանջի այնպիսի ինտելեկտուալ աստիճան, որը թույլ կտա լուրջ հաղորդակցության մեջ մտնել համաշխարհային ուղեղային կենտրոնների հետ եւ այդ հաղորդակցության շնորհիվ անընդհատ լինել համաշխարհային քաղաքականության զարկերակին մոտ, այլ ոչ այդ քաղաքականությանը բոլոր մակարդակներում հետեւել միայն համաշխարհային մամուլի հանդեպ ակնդետ ուշադրությամբ, իմացությունը չափելով լրատվամիջոցների հղումների քանակով:

Նյութի աղբյուր՝ https://www.1in.am/3000230.html