Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում սեպտեմբերի 6-ին գրել էր, որ նկարահանվում է ՀՀ օրհներգի նոր տեսահոլովակ, որտեղից բացակայելու են Արցախին առնչվող պատկերները։
«Արդեն շատ երկար ժամանակ է, ինչ ամեն օր ուղիղ կեսգիշերին հայկական բոլոր հեռուստաալիքներով ցուցադրվող ցանկացած հաղորդում ընդհատվում է, հնչում է ՀՀ օրհներգը, և Հայաստանից ու Արցախից գեղեցիկ կադրեր են ցուցադրվում։ Պարզվում է, հեղափոխական իշխանությունները որոշել են «թարմացնել» նաև այդ կադրերը, ու հիմա ահռելի գումարներ են ծախսվում նոր հոլովակներ նկարահանելու համար։ Իսկ բուն նպատակն այն է, որ այլևս Արցախից որևէ կադր չցուցադրվի։
Ո՛չ Շուշիից, ո՛չ Գանձասարից, ո՛չ «Տատի-պապիի» արձանից։ Երևի դա նույնպես նոյեմբերի 9-ի «բանավոր փոխըմբռնումների» շրջանակներում է»,- գրել էր վերլուծաբանը։
168.am-ի https://168.am/2021/09/07/1574378.html?fbclid=IwAR3pmC3U91_WNcn9rDudB4bL7dMYHjUCgDVJgMFMIVGjsJnRUaYnWD1Zgvk հետ զրույցում Արմեն Բաղդասարյանը ևս մեկ անգամ պնդեց, որ իր ունեցած տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ավելին՝ արդեն տեսահոլովակի նկարահանումները մեկնարկել են, այնտեղ ներգրավված են նաև աշակերտներ։ «Եթե այդ ամենը չհաստատվի, ես պատրաստ եմ հրապարակավ ներողություն խնդրել»,- մեզ հետ զրույցում նշեց նա և հավելեց, որ տեղյակ չէ, թե ով է նկարահանում այդ տեսահոլովակը։
Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Աննա Օհանյանը տեղեկացրեց, որ Հանրային հեռուստաընկերությունը ներգրավված չէ այդ տեսահոլովակի նկարահանման աշխատանքներում. «Մենք որևէ կերպ ներգրավված չենք, որևէ տեղեկատվություն չունենք»,- նշեց նա։