ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպմանը հայտարարել է, որ աշխարհի երկրները պետք է համատեղ զարգացնեն միջազգային իրավունքի համակարգը՝ մարդկության բարգավաճման ու անվտանգության ապահովման համար, հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Այժմ կառավարությունները պետք է շարունակեն համակարգված աշխատել միջազգային իրավունքի մշակման ուղղությամբ՝ բոլորի համար հավասար բարեկեցություն, խաղաղություն եւ անվտանգություն ապահովելու համար: Այսօր դա նույնքան կարեւոր է, որքան 76 տարի առաջ»,- ասել է Բայդենն իր ուղերձում:


Ամերիկյան վարչակազմի ղեկավարը լիակատար աջակցություն է հայտնել համաշխարհային կազմակերպությանը եւ նշել է, որ ՄԱԿ-ի հետ իր երկրի համագործակցությունը հիմնված է «ընդհանուր սկզբունքների եւ արժեքների վրա, այժմ այդ կապերն ավելի կարեւոր են, քան երբեւէ»:

Իր հերթին Գուտերեշն ընդգծել է, որ Միացյալ Նահանգների եւ ՄԱԿ-ի միջեւ համագործակցությունը համաշխարհային կազմակերպության աշխատանքի հիմնաքարն է, եւ ցանկություն է հայտնել այն ընդլայնել: