Թուրքիայի նախագահ Էրդողանի ԱՄՆ կատարած այցի նախօրեին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն օրենսդրական փոփոխություն արեց, որով Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին: Այն կոչ է անում հետաքննել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները, այդ թվում՝ խաղաղ բնակչության դեմ անօրինական զինամթերք և սպիտակ ֆոսֆոր օգտագործելը: Բացի այդ, Ներկայացուցիչների պալատը պահանջում է հետաքննություն անցկացնել թուրքական անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ, որոնք կիրառվել են 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ, քաղաքացիական բնակչության դեմ:
Էրդողանը ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, որտեղ մտադիր է ներկայացնել Թուրքիայի ապագա դերակատարության հավակնությունները:
Միացյալ Նահանգների պաշտոնյաները վերջին շրջանում հաճախացրել են հայտարարությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը վերսկսելու և Արցախի կարգավիճակի հարցը քննարկելու վերաբերյալ: Եթե դրանք վերածվեն կոնկրետ քայլերի, դա կօգնի տարածաշրջանային գործընթացները ռուս-թուրքական գործարքի հարթությունից դուրս բերել ավելի բարձր, միջազգային մակարդակ: Իսկ դա, իր հերթին, ապագայում կարող է նշանակել տարածաշրջանում սահմանների իրավական դաշտի վերանայում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները ծրագրում են հանդիպել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում. հանդիպումներ միմյանց և Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն:
Վաշինգտոնը չի արձագանքել Էրդողանի այն հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն խնդրել է հանդիպել: Հիշեցնենք, որ Էրդողանը որպես նախապայման հայտարարել էր «Զանգեզուրի միջանցքի բացման» մասին, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության խախտում: Միացյալ Նահանգները բազմիցս հայտարարել է, որ հանդես է գալիս Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման օգտին:
Միջանցքի բացումը աշխարհաքաղաքական խնդիր է: Միջանցքը բացելու համար պահանջվում է տարածաշրջանային իրավական կարգավորումների համակարգի փոփոխություն: Հայաստանը, նույնիսկ ցանկության դեպքում, չի կարող բացել «միջանցքը», քանի որ այն կկոտրի տարածաշրջանային հարաբերությունների ամբողջ սխեման: ԱՄՆ-ն, ըստ էության, նշում է իր դերը այս սխեմայում: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ «երկարատեւ զրույց» է ունեցել Ղարաբաղի խնդրի մասին:
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/09/23/670054/