Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցներ արձակած անձը դեռ չի հայտնաբերվել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոնակ Վարդան Թադևոսյանը։
Հարցին՝ հայտնի է նրա ինքնությունը՝ Թադևոսյանը պատասախանեց․ «Ես չեմ կարող ասել ինքնությունը հայտնի է, թե ոչ, սակայն կան տեսագրություններ։ Գաղտնիությունից ելնելով քննիչներն այդ մասին բան չեն ասում»,- նշեց ՔԿ մամուլի խոսնակը։
Թե որն է եղել կրակոցներ արձակելու շարժառիթը, դեռևս հայտնի չէ։ Սակայն, տարածված տեղեկությունների համաձայն, նախնական վարկածով ամուսիների վրա կրակել է 24-ամյա մի երիտասարդ, իսկ պատճառը կենցաղային վեճն է եղել։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ սեպտեմբերի 28-ին, Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցների հետևանքով մահացել է Վանաձոր քաղաքում հայտնի գործարար, «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոն Դարբինյանի 27-ամյա աղջիկը՝ Դիանա Դարբինյանը, իսկ վերջինիս ամուսինը՝ 29-ամյա Վազգեն Մարգարյանը, հրազենային վիրավորում է ստացել։ Վազգեն Մարգարյանը Դարբաս ընկերության տնօրենն է։
Հիշեցնենք, որ 2021թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 01:30 սահմաններում, անհայտ անձը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգով, Երևան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցներ է արձակել նույն վայրում կայանված «Ռենջ ռովեր» մակնիշի ավտոմեքենայի մոտ գտնվող երեք անձանց ուղղությամբ և դիմել փախուստի:
Հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվել են միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ։
Լուսանկարներում՝ ամուսիններ Դիանա Դարբինյանն ու Վազգեն Մարգարյանն են