Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ նախատեսում է մոտ ժամանակներս այցելել Ադրբեջան եւ Հայաստան եւ հույս ունի դրական դեր խաղալ հարեւան երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործում:
«Վաղը ես մեկնելու եմ Բաքու: Ես հանդիպում կունենամ նախագահ [Ադրբեջանի, Իլհամ] Ալիեւի հետ, որին ես շատ հարգում եմ: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք: Ամենակարեւորը՝ մենք վստահում ենք միմյանց: Երբ երկրների եւ առաջնորդների միջեւ վստահություն լինի, կարծում եմ՝ բոլոր հարցերը պատշաճ կերպով կլուծվեն»,- երեքշաբթի ասել է Ղարիբաշվիլին IMEDI հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ես նույն հարաբերություններն ունեմ պարոն [ՀՀ վարչապետ Նիկոլ] Փաշինյանի հետ, որը մի քանի շաբաթ առաջ Թբիլիսիում էր: Նաեւ պլանավորում եմ մոտ ժամանակներս այցելել Հայաստան: Կարծում եմ, որ կարող եմ իմ ողջ էներգիան ներդնել [Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների] կարգավորման մեջ եւ դրական դեր խաղալ»:
Ավելի վաղ Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին ունեցած ելույթի ժամանակ «Հարեւանության խաղաղ նախաձեռնություն» էր առաջարկել աշխարհի առաջնորդներին` Սեւ ծովի տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովելու համար: Ինչպես այն ժամանակ նշել էր Վրաստանի վարչապետը, Թբիլիսին պատրաստ է ընդունել առաջին հանդիպումը խաղաղության նախաձեռնության շրջանակներում: Նրա խոսքով՝ նոր ձեւաչափը կօգնի երկխոսություն կառուցել եւ գործնական լուծում կլինի տարածաշրջանային խնդիրների համար:
Ավելի ուշ կառավարության ղեկավարը հայտարարել էր, որ Վրաստանը հանդես է եկել Թբիլիսիում հարթակ ստեղծելու նախահայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ բարձր մակարդակի շփումների համար