ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի կողմից ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանության փորձը պատվիրելու մեղադրանքը հիմնավորված չէ, ուստի ամբաստանյալ Վ.Սեդրակյանը պետք է արդարացվի: Այս մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, Պ.Հայրիկյանի սպանության փորձի գործով այսօրվա դատական նիստում իր պաշտպանական ճառում նշեց Վ.Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:

Պաշտպանն ընդգծեց, որ մեղադրող կողմը, մասնավորապես, հիմնվում է ամբաստանյալներ, սպանության փորձը կատարելու մեջ մեղադրվող Խաչատուր Պողոսյանի ու Սամվել Հարությունյանի նախաքննական ցուցմունքների վրա: Սակայն նույնիսկ դրանցից մեղադրող կողմը վերցրել է իրեն դուրեկան մասերը՝ մասնավորապես, Վ.Սեդրակյանի կողմից սպանության փորձի պատվեր տալու մասին, իսկ նույն ցուցմունքների այն մասը, ըստ որի պատվերը վախեցնելու նպատակ ուներ, մեղադրող կողմը չի ընդունում:

Ըստ պաշտպան Սիրունյանի, գործով չի հիմնավորվել, որ Պ.Հայրիկյանի վրա զինված հարձակումը սպանելու, այլ ոչ թե վախեցնելու նպատակ է ունեցել, չի պարզվել նաև՝ սպանության փորձը տուժողի կյանքը, թե քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակ է ունեցել, քաղաքական գործչի, թե քաղաքացու դեմ է եղել:

Քննությամբ չի պարզվել նաև սպանության փորձի դրդապատճառը՝ Պ.Հայրիկյանն ու Վ.Սեդրակյանը անձնական ու քաղաքական հարթությունում միմյանց հետ չեն շփվել, անձնական թշնամանք չի եղել, իրար չեն խանգարել, նախանձելու բան էլ չի եղել՝ եթե Վ.Սեդրակյանը նախանձելու լիներ, կնախանձեր 45 տոկոս ձայներ հավաքած թեկնածուին, այլ ոչ թե Պ.Հայրիկյանին:Քննությունը չի պարզել, թե ով կարող էր ինչ-ինչ նյութական կամ քաղաքական շահ ունենալ սպանության փորձը կազմակերպելու հարցում, ինչ դրդապատճառ ունենալ՝ օրինակ, հետաձգել կամ չհետաձգել նախագահական ընտրությունները:

Պաշտպանն ընդգծեց, որ մեղադրանքը հիմնված է ենթադրությունների վրա, նա հիշեցրեց, որ չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալների, այլ ոչ թե հօգուտ մեղադրող կողմի: Նա հավելեց, որ Վ.Սեդրակյանը կազմակերպիչ չէ, քանի որ ըստ մեղադրանքի, կազմակերպիչը Սամվել Հարությունյանն է, Վ.Սեդրակյանը նաև դրդիչ չէ՝ չի համոզել, չի շահագրգռել, չի սպառնացել: Եվ ի վերջո պարզ չէ, թե ի՞նչ հոդվածով պետք է որակվի վախեցնելը:

Վարդան Սեդրակյանը միացավ իր պաշտպանի ճառին, հայտարարեց, որ հանդես կգա վերջին խոսքով:

Հիշեցնենք, որ մեղադրող Արամ Ամիրզադյանը միջնորդել էր ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձի կազմակերպում և դատապարտել 12 տարվա ազատազրկման: Մեղադրողը միջնորդել էր ամբաստանյալ Սամվել Հարությունյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով՝ սպանության փորձ, իսկ Խաչատուր Պողոսյանին՝ 34-305-րդ հոդվածից բացի նաև 235-րդ հոդվածով՝ ապօրինի զենք (այդ զենքով երկու կրակոցներ են արձակվել Պ.Հայրիկյանի վրա) և դատապարտել համապատասխանաբար 13 և 14 տարվա ազատազրկման: