Ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում անընդունելի է Արցախի համար: Այս մասին ասաց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը նախկինում ձգտում էին անկախության, իսկ հիմա սկսել են խոսել Ադրբեջանի կազմում ինքնավարության մասին, ինչն իր համար անընդունելի է։ Այս համատեքստում ակտիվորեն փորձում են շրջանառության մեջ դնել նաև Ղարաբաղի «հայ և ադրբեջանական համայնքների համագործակցություն» և «կապերի հաստատում» եզրույթները։ Ի՞նչ կարող եք ասել այս մասին:
Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է Արցախի համար։ Սա Արցախի ամբողջ բնակչության հավաքական կարծիքն է, որը եղել է, կա և կմնա անփոփոխ։ Այս համատեքստում հարկ ենք համարում նաև նշել, որ մենք չենք ճանաչում այսպես կոչված՝ «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» եզրույթը, որը ոչ այլ ինչ է, քան պաշտոնական Բաքվի կողմից ստեղծված արհեստական մի կառույց, որն օգտագործվում է արցախյան պետականության կարգավիճակը խարխլելու նպատակով։ Արցախի Հանրապետությունը պատրաստ է բանակցել Ադրբեջանի հետ՝ հավասարը հավասարի հետ սկզբունքով և քննարկել բոլոր՝ նույնիսկ ամենաբարդ հարցերը և դրանց լուծման եղանակները։