«Կադիսի» ու Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Վալենսիայի» դեմ Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսում խոսել է իսպանական ակումբում հարմարվելու ու այլ թեմաների շուրջ:
«Շատ հեշտ ստացվեց թիմում հարմարվելը, կարծում եմ՝ դա կոլեկտիվից է, քանի որ այն շատ լավն է: Ինձ շատ լավ ընդունեցին: Ամեն ինչից գոհ եմ՝ թե քաղաքից, թե թիմից: Ամեն ինչ լավ է, մարզվում ենք, պատրաստվում «Վալենսիայի» դեմ խաղին:
Հուսով եմ՝ հոկտեմբերին ընտանիքս կլինի այստեղ, բարդ է հեռավորության վրա լինելը:
Թիմում բոլորն էլ գիտեն անգլերեն, բայց ես արդեն սկսել եմ սովորել իսպաներեն: Թե մարզման, թե խաղի ժամանակ ամեն ինչ հասկանում եմ, երբ իսպաներեն որևէ բան են ասում ինձ: Միայն Ֆալին չգիտի անգլերեն:
Լա Լիգայում ինձ համար մի քիչ բարդ էր արագությունների տարբերությունը, բայց ես շուտ հարմարվեցի և հիմա խնդիրներ չեմ տեսնում: Պարզ է, սա աշխարհի ուժեղագույն լիգաներից է, իսկ ես եկել եմ շատ ավելի թույլ լիգայից:
Երևի, «Կադիսն» ավելի պաշտպանողական ֆուտբոլ է խաղում, բայց մենք շատ վտանգավոր ենք հակագրոհների ժամանակ: Եթե հաջողվում է լավ պաշտպանվել, մեր խաղը ստացվում է»,- ասել է Հարոյանը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Վարազդատ Հարոյանը «Կադիսի» մեկնարկային կազմում անցկացրել է 6 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ: Նախորդ տուրում նա գրավել էր «Ռայո Վալյեկանոյի» դարպասը՝ դառնալով Իսպանիալի Լա լիգայում գոլի հեղինակ դարձած առաջին հայ ֆուտբոլիստը:
29-ամյա պաշտպանը 2021թ. ամռանը ղազախական «Աստանայից» է տեղափոխվել «Կադիս», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը: Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2009-2019), Իրանի «Փադիդեհում» (2016-2017), Եկատերինբուրգի «Ուրալում» (2017-2020) ու ռուսական «Տամբովում» (2020):