Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը պատրաստ է այցելել Ադրբեջանի եւ Հայաստանի մայրաքաղաքներ` որպես բարիդրացիության ժեստ: Այդ մասին նա հայտարարել է «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ըստ Աբդոլլահիանի` հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացումն Իրանի նոր կառավարության հիմնական առաջնահերթություններից է:
«Ադրբեջանը եւ Հայաստանը մեր լավ հարեւաններն են, եւ մենք չենք կարող համագործակցել նրանցից մեկի հետ եւ գործել մյուսի դեմ: Մեր արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է: Երկու օր առաջ գործընկերս` Հայաստանի արտաքին գործերի նախարարը, այցելեց Թեհրան: Լավ կլիներ, եթե մեր ադրբեջանցի գործընկերը եւս հնարավորություն ունենար այցելել Իրան»,- ասել է Աբդոլլահիանը՝ հավելելով, որ ինքը կայցելի Երեւան եւ Բաքու` որպես բարիդրացիության ժեստ, երբ նման հնարավորություն ստեղծվի:
Նա նաեւ նշել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում գաղտնի հանդիպում է ունեցել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ: