ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը 24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ անդրադարձել է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օպերատիվ կապի վերաբերյալ հայտարարություններին։
Վանեցյանի խոսքով՝ Փաշինյանը հերթական անգամ դիմել է մանիպուլյացիաների։
Նա ասել է, թե ինչ է նշանակում օպերատիվ կապը՝ նշելով, որ դա եղել միայն սահմանային միջադեպերի, անվտանգային հարցերի հետ կապված պարզաբանումներ։
«Քաղաքական թեմաների շուրջ ես որևէ խոսակցություն չեմ ունեցել Ադրբեջանի այն ժամանակվա իմ կոլեգայի հետ։ Խոսել եմ բացառապես սահմանային միջադեպերի մասին, որի մասին ողջ ծավալով զեկուցել եմ թե՛ Նիկոլ Փաշինյանին, թե՛ Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին»,- նշել է նա։
Վանեցյանի խոսքով՝ Ադրբեջանի իր այն ժամանակվա գործընկերոջ հետ հիմնականում հեռախոսային կապ է պահպանել և մի քանի անգամ հանդիպել են Դուբայում և այլուր։
Հարցին, թե միմյանց ինչ-որ բան փոխանցել են, Վանեցյանը պատասխանել է․ «Եթե հարկ է եղել Ալիևի կողմից ինչ-որ բան փոխանցել Նիկոլ Փաշինյանին, Ադրբեջանի իմ գործընկերը ծրարը տվել է ինձ, ես փոխանցել եմ Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանը ծրարը տվել է ինձ, ես փոխանցել եմ իմ գործընկերոջը»։
Հիշեցնենք՝ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն ասել էր, թե Փաշինյանն Ադրբեջանի հետ օպերատիվ կապով գաղտնի գործարքներ է իրականացրել:
«Օպերատիվ կապը Ձեր խմբակցության ղեկավարն է, գնացեք սենյակում հարցաքննեք, կտտանքների ենթարկեք, թող խոստովանի՝ ինչ է պայմանավորվել և ում հետ: Եթե պայմանավորվել է դավաճանության մասին, ինձ չի զեկուցել, եթե Ձեզ զեկուցել է, ուրեմն իր սեփական նախաձեռնությունն է եղել, և կարծում եմ` մեր ազգային անվտանգության մարմիները պետք է Ձեր խմբակցության ղեկավարով և ձեզնով զբաղվեն»,- արձագանքել էր Փաշինյանը: