Կորոնավիրուսի հետևանքով մահացել է մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի դուստրը՝ մանկավարժ Ժաննա Ազարյանը։ Այս մասին հայտնում է Նիկոլ Աղբալյանի անվան հ.19 դպրոցը։
«Կյանքից անժամանակ հեռացավ մեր շատ սիրելի ուսուցչուհին՝ Ժաննա Ալբերտի Ազարյան - Սարգսյանը: Նիկոլ Աղբալյանի անվան հ.19 դպրոցը Ժաննա Ալբերտովնան ավելի քան 40 տարի աշխատում էր Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում ՝ որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի:
Կենսախինդ, բանիմաց, աշակերտասեր մեր ուսուցչուհին իր հետաքրքիր ու անմոռաց դասերով սիրելի էր աշակերտների շրջանում: Գործընկերները ևս չեն պատկերացնում իրենց դպրոցական առօրյան առանց սիրելի Ժաննայի:
Մեր խորին ցավն ենք հայտնում Ժաննա Ալբերտովնայի ընտանիքի անդամներին, հարազատներին, մերձավորներին մեծ կորստի համար: Նա դեռ շատ ասելիք և անելիք ուներ:
Իր կրթած բազմաթիվ սերունդների և գործընկերների սրտում Ժաննան միշտ կհիշվի որպես լավ ընկեր, լավ մարդ, լավ քաղաքացի և լավագույն ուսուցչուհի:
Հանգչի՛ր խաղաղությամբ , մե՛ր սիրելի Ժաննա»:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ կյանքից հեռացել էր Ալբերտ Ազարյանի կինը՝ Ելիզավետա Ազարյանը։