Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն իր էջում գրել է. «Այսօր՝ առավոտյան, ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի ու Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ միասին այցելել ենք երեկվա ադրբեջանական ագրեսիայից վիրավորված բոլոր վեց զինվորներին:
Նրանցից հետաքրքրվել ենք իրենց ինքնազգացողությունից, կարիքներից ու տրամադրությունից: Բուժանձնակազմը ներկայացրել է վիրավորների առողջական վիճակը՝ զեկուցելով, որ վիրահատական միջամտությունների արդյունքում արդեն միայն մեկի վիճակն է գնահատվում ծանր, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Տեղում տվել եմ համապատասխան ցուցումներ վիրավորների բուժսպասարկումն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ՝ միևնույն ժամանակ հատուկ շնորհակալություն հայտնելով բուժանձնակազմին ցուցաբերած սրտացավության ու արհեստավարժության համար:
Տղերքի բարոյահոգեբանական վիճակը ամուր է, և, համոզված եմ, նրանք արագ կհաղթահարեն այս դժվարությունները: Առողջություն բոլորին»: