Ստորև ներկայացմում ենք Yerevannews.am-ի հարցազրուցը ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանի հետ:
-Պարոն Նուշիկյան Դուք Ազգային ժողովում ակտիվությամբ աչքի ընկնող պատգամավորներից մեկն եք, ինչպիսի՞ ն էր Ձեր ակտիվությունը նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, ի՞ նչ եք արել և ի՞ նչ եք պատրաստվում անել ընտրությունների օրը:
-Ընտրությունների օրը պատրաստվում եմ գնալ ընտրության և կատարել իմ քաղաքացիական պարտքը, սեփական ներդրումն ունենալ առավել ապահով և բարեկեցիկ ապագայի կառուցման գործում, պարզ ասած պատրաստվում եմ ընտրել իմ ապագա նախագահին: Իսկ ինչ վերաբերվում է նախընտրական շրջանին, ապա ակտիվորեն հետևել եմ թեկնածուների կողմից կազմակերպված քարոզարշավներին և ինձ համար արել հետևություններ:
-Ինչպե՞ ս և ի՞ նչ սկզբունքներից ելնելով քաղաքացիները պետք է ընտրեն իրենց ապագա նախագահին, ի՞ նչ սկզբունքով եք դուք ընտրություն կատարելու:
-Խոսքը վերաբերվում է մեր Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությանը և այս պարագայում կատարած ընտրության պատասխանատվությունն ավելի քան պարտավորեցնող է: Մենք ընտրում ենք փորձություններով անցած և հաղթանակած երկրի նախագահին, և կարծում եմ, որ մեր նախագահը պետք է հայրենիքի ճակատագիրը կիսած, հայրենիքի խնդիրներով ապրած ու սերունդներին անկախ ու ապահով ապագա ժառանգելու համար կռիվ տված անհատ լինի:
Հասարակության համար կարևոր է, թե նախագահի թեկնածուներից յուրաքանչյուրը ինչ գաղափարներով և ծրագրային դրույթներով է հանդես եկել: Իսկ վերջիններիս համար շատ կարևոր է ամուր քաղաքական թիմի առկայությունը: Մենակ մարդը՝ նույնիսկ ամենատաղանդավոր, ի զորու չէ կյանքի կոչելու բազում հարցեր, պայքարելու մի շարք խնդիրների դեմ… Եվ սա միանգամայն ճշմարիտ է մեծ քաղաքականության համար: Հետևաբար, հզոր է այն թեկնածուն, ում սատարում է ժողովրդի մեծամասնության աջակցությունը վայելող ամուր քաղաքական թիմը: Սա է այն գրավականը, որը թեկնածուին առաջ կմղի դեպի համարձակ, պատասխանատու և հանրօգուտ քայլեր կատարելուն՝ առաջնորդելու երկիրը դեպի բարեկեցիկ և ապահով ապագա…
Կարևորում եմ այս ամենը և կարծում, որ յուրաքանչյուր անհատ` ՀՀ քաղաքացի, պետք է իր մասնակցությունն ունենա ընտրություններին, գնա և ընտրի իր նախագահին, կատարի իր սահմանադրական և քաղաքացիական պարտքը:
-Նախընտրական պայքարը հետաքրքիր զարգացումներ ունեցավ. մահափորձ, հացադուլ և հասարկությանը հայտնի մնացած դեպքերը: Չեք կարծում, որ այս ամենից հետո ընտրողը բոլորովին խճճվել և ինչ- որ չափով նաև խուճապի մեջ է հայտնվել:
-Իրոք որ, նախընտրական քարոզարշավի շրջանում անսպասելի և հետաքրքրական դեպքերը քիչ չէին և ինչ խոսք այդ ամենն իր ազդեցությունն է թողնում հասարակական կարծիքի և անհատապես յուրաքանչյուր քաղաքացու որոշման վրա: Ասել, որ մարդիկ խուճապի մեջ են, սխալ կլինի, քանզի ի պատիվ ղեկավարության` երկրում ամեն ինչ խաղաղ է և հանգիստ: Իհարկե ցավալի է այն, որ գրանցվեց այնպիսի դեպք, ինչպիսին էր նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը, ուրախ եմ, որ այսօր պարոն Հայրիկյանն իրեն լավ է զգում և օր օրի ապաքինվում է: Չէի ցանկանա, որ մարդիկ ծայրահեղ քայլերի դիմեին. ինչպես օրինակ` Անդրիաս Ղուկասյանը, քանի որ արդեն օրեր շարունակվող հացադուլը կարող է լուրջ վնաս հասցնել նրա առողջությանը: Ընդհանրապես ես կողմ եմ քաղաքակիրթ և առողջ մրցապայքարին ու գնահատելով անցած նախընտրական քարոզարշավը` կարող եմ ասել, որ այն տարբերվում էր նախորդներից և օրինակելի էր գալիք բոլոր ընտրությունների համար:
-Անկախ ամեն ինչից շատերը համարում են, որ ընտրությունները ձևական բնույթ են կրում և կանխորոշված են: Դուք ի՞նչ կարծիքի եք:
- Թույլ տվեք չհամաձայնել նման ձևակերպման հետ: Վերջին ժամանակաշրջանում կարծում եմ միտումնավոր է շրջանառության մեջ դրվել այդ տեսակետը, համաձայն որի՝ «ընտրությունները ձևական բնույթ են կրում և կանխորոշված են», ինչն այսօր նույնիսկ ծիծաղելի է:
Մի քանի ամիս առաջ ես ասել էի, որ 2013թ. նախագահական ընտրություններն անցնելու են բավական հետաքրքիր մրցապայքարում, բայց ամեն ինչ լինելու է օրենքի և փոխադարձ հարգանքի շրջանակներում: Եվ ինչպես ներկայիս ընտրապայքարի ընթացքը ցույց տվեց, ես ճիշտ էի իմ կանխատեսումներում: Այն, ինչ տեղի ունեցավ անցած օրերի ընթացքում, ձեռքբերում էր և այն չի կարելի արժեզրկել, դա մեր երկրի նոր արժեքային համակարգ կատարած հաստատուն քայլն էր:
Երկու տասնամյակից քիչ ավել անկախություն ունեցող Հայաստանի համար մեծ քաղաքականության տեսանկյունից իսկապես նշանակալի ձեռքբերում է այն, որ մեր երկրում, վերջապես, նախագահական ընտրությունների քարոզարշավն իրականացվում է քաղաքակիրթ պայմաններում՝ զերծ ավելորդ վիրավորանքներից, սուր արտահայտություններից, ոչ վայել դիմելաձևերից և այլ անպարկեշտ դրսևորումներից:
Մրցակցությունն էլ ունի իր «խաղի կանոնները», այնպես որ, քաղաքակրթվածության, ինչպես նաև որոշակի քաղաքական հասունության տեսանկյունից ձեռքբերում պետք է համարել ներկայիս քաղաքական մրցապայքարի ոճը, այլ ոչ թե պախարակել՝ այս կամ այն պիտակավորելով: Պայքարելը, պարտվելը, հաղթանակելը ևս պետք է փոխադարձ հարգանքով իրականացվի, հակառակ դեպքում՝ խիստ անցանկալի հետևանքներն անխուսափելի են:
-Որպես վերջաբան ի՞ նչ ունեք ավելացնելու:
-Կցանկանայի, որ յուրաքանչյուր քաղաքացի, գիտակցելով իր քվեի կարևորությունը, մասնակցեր ընտրություններին և իր մասնակցությունը բերեր երկրի ապահով ու բարեկեցիկ ապագայի կերտման գործում: