Այսօր կայացած ասուլիսի ընթացքում Սուրիկ Խաչատրյանի որդու Տիգրան Խաչատրյանի փաստաբան Ռուբեն Սահակյանն անդրադարձավ Բուդաղյանների փաստաբանի մի քանի որակումներին:
Նա նշեց, որ պետք չէ հավատալ Հայկ Ալումյանի այն հայտարարությանը, թե Ավետիք Բուդաղյանին կրակել են մեջքից, քանի որ վերջինիս մարմնի վրա եղած չորս մուտքի անցքերից երեքը դիմացից են: Նրա խոսքերով, դա ապացուցված է եղել դեպքից անմիջապես հետո և նման հայտարարություն տարածելը ապատեղեկատվության արդյունք է:
Ռ. Սահակյանը նաև համաձայն չէ Բուդաղյանների հոր՝ Էմիլ Բուդաղյանի նախագահին բաց նամակով դիմելու շարժառիթների հետ: Ըստ նրա Սուրիկ խաչատրյանի գործողություններում չկան հանցագործության հատկանիշներ, քանի որ ամեն ինչ արվել է պաշտպանության նկատառումներից ելնելով: «Փաստաբան Ալումյանը պարտավոր էր խորհուրդ տալ չդիմել հանրապետության նախագահին՝ Սուրիկ Խաչատրյանին ինքնաշեն ատրճանակ պահելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու համար, քանի որ այդ ատրճանակն օրինական կարգով է ստացվել Սուրիկ Խաչատրյանի կողմից», - նշեց նա, հավելելով, որ Հայկ Ալումյանը բավարար չափով ծանոթ չլինելով նյութերին, սխալ խորհուրդներ է տալիս և անհարմար դրության մեջ դնում:
«Եթե դու նյութի գործերին ծանոթ չես՝ բարի եղիր լռել», - նշեց Ռ. Սահակյանը:
Հաջորդ ապատեղեկատվությունն, ըստ փաստաբանի, Ալումյանի այն հայտարարությունն է, թե Արտակ Բուդաղյանի արյան նմուշը վերցրել են դեպքից վեց օր հետո: Նրա խոսքերով, արյան նմուշը վերցրել են դեպքից մի քանի ժամ անց:
Ալումյանը նաև նշել է, որ ի ուրախություն իրենց կարողացել են հայտնաբերել դեպքերի տեսանյութի չմոնտաժված տարբերակը, ինչը Ռ. Սահակյանը չի կիսում որպես ուրախություն, քանի որ վերջինիս խոսքերով իրական տեսանյութը ոչ մի տեղ չէր անհայտացել և չէր կեղծվել:
Տիգրան Խաչատրյանի փաստաբանները նույնպես հաստատում են, որ ապատեղեկատվության տարածման հերթական փուլն է սկսվել, սակայն, նրանց խոսքերով, տարածողը ոչ դատախազությունն է, ոչ Խաչատրյանները և ոչ էլ նրանց փաստաբանները: