«Ես իմ գոհունակությունն եմ հայտնում, որ կա այդպիսի շարժում, դա շատ ողջունելի է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
«Պետք է լինի քաղաքական ընդդիմություն, որը հասարակության շահերը արտահայտի: Դա, չկա, դրա փոխարեն կա քաղաքացիական շարժում: Այդ ակտիվիստները երիտասարդներ են, ովքեր զրկված են կաղապարներից:Քաղաքական ուժերի պասիվությունը պայմանավորված է եղել քաղաքացիական հասարակության ակտիվությամբ»,-նշեց նա:
«Հասկանալի է, որ կա չափազանց ուժեղ իշխանություն եւ չափազանց թույլ ընդդիմություն: Ընդդիմություն կոչեցյալը չի կարողանում արտահայտել մարդկանց խնդիրները»,-հավելեց Վարդան Բոստանջյանը:
Հանդիպմանը ներկա Հովհաննես Իգիթյանը նշեց, որ քաղաքացիական շարժումը թեև ունի դրական նշանակություն, այնուամենայնիվ ոչ էֆեկտիվ է: «Հասարակության մի մասը կարողանում է իր շահերը պաշտպանել՝ ինչ-որ լկտիություն վերացնելով: Սակայն չպետք է մոռանալ, որ կան գլոբալ խնդիրներ: Լոկալ ընդդիմությամբ այդ խնդիրները չենք կարող լուծել: Ժողովուրդը պետք է ոտքի կանգնի դրա դեմ»,- նշեց Իգիթյանը:
Թե´ Իգիթյանը, թե´ Բոստանջյանը բացառեցին, այն կարծիքը, թե սոցիալական պայքարը կարող է արտասահմանյան՝ արևմտյան կամ ռուսաստանյան ուժերի կողմից ուղղորդված լինի: