ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և նախարարության աշխատակիցների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ընթացիկ ուսումնական տարվա ընթացքում տարվող աշխատանքները: Այս մասին այսօր ԿԳՆ-ում, լրագրողների հետ հանդիպման, ժամանակ նշեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
«Տրվել են հանգամանալից պատասխաններ բոլոր հարցերին: Նախագահի հավաստմամբ կրթության ոլորտը շատ կարևոր է` պաշտպանության պես», - նշեց Ա. Աշոտյանը:
Վերջինիս խոսքերով, նախագահի հետ քննարկվել է նաև բուհերի վարձավճարների բարձրացման հարցը: «Լավ սովորող ոչ մի ուսանող չի զրկվի ուսման իրավունքից` սոցիալական խնդիրների պատճառով», - նշեց նա, հավելելով, որ նախագահին են ներկայացվել ուսման վարձերի զեղչման նոր փաթեթները, ցածր տոկոսադրույքով գործող ուսանողական վարկերը և այլ նմանատիպ հարցեր:
«Լավ սովորող ուսանողի համար կգործեն լավագույն պայմանները», - հայտարարեց նախարարը:
Ա.Աշոտյանը նաև նշեց, որ Սերժ Սարգսյանը հանձնարարականներ է տվել ԿԳՆ-ին: Որպես առաջին հանձնարարական, նախարարը նշեց ուսանողների սոցիալական փաթեթների արագ ընդունումը, ուսանողական հանրակացարանների համար նոր առաջարկներ ներկայացնելը, արտասահմանից եկող ուսանողների քանակի բարձրացումը և այլ հարցեր: