Երեւանյան «իսթեբլիշմենտի» մի մասի այս հավատամքը, թե՝ Արցախի խնդիրը խանգարում է Հայաստանի զարգացմանը, լավ ապրելուն, կրկին քննարկման առարկա դարձավ ՔՊ պատգամավորներից մեկի մի հիմար արտահայտությունից հետո։ Միեւնույն ժամանակ, այդ քննարկումն ինքնին առաջացնում է խորքային մի շարք հարցադրումներ։
Ինչ է նշանակում լավ ապրել, ու մասնավորապես ինչով է խանգարել Արցախի հարցը։ Ի վերջո, կարելի է լավ կամ վատ ապրել առանց Արցախի էլ, առանց Հայաստանի էլ՝ աշխարհով մեկ ցրված մոտ 10 միլիոն, մի այդքան էլ «ծպտյալ» հայերը լավ ու վատ ապրում են։ Լեզուն, Եկեղեցին էլ լավ կամ վատ պահում են հայությունը։
Համայնքային կեցությունն էլ գոյության ձեւ է, թեեւ ժամանակի մեջ՝ խիստ հարաբերական, 2-3 սերնդի կտրվածքով։ Խնդիրը հետեւյալն է՝ մենք գնում ենք պետական-քաղաքական ազգի՞, թե ծիսական-ռելիկտային համայնքի՝ անխուսափելի ձուլման ու վերացման ճանապարհով։
Պետականության պատեհությունը եւ դրա լավ կամ վատ 30-ամյա գոյությունը թվում է այլեւս նման բանավեճեր չպետք է առաջացնեին։ Սակայն դրանց առկայությունն իսկ վկայում է, որ հայկական քաղաքական ու տնտեսական «վերնախավերը», ակադեմիական, մեդիա-վերլուծական շրջանակները մնում են նեղ-համայնքային մակարդակում, ընդ որում՝ թե ժամանակային, թե տարածական առումով, ինչն առավել քան զգալի է Հայաստանի դեմ 2020-ի աշնանը Ռուսաստանի ծրագրած ու իրականացրած արշավից հետո։
Շատերն են խոսում Հայաստանի՝ միջազգային քաղաքականության սուբյեկտի կարգավիճակը կորցնելու հանգամանքի մասին, միեւնույն ժամանակ՝ այդ կարգավիճակը գոյանում է ազգային խնդիրներից եւ պայմանավորված է սեփական իրավունքների ու պահանջների, տարածքային, տնտեսական, քաղաքական շահերի պաշտպանության վճռականությունից ու կարողությունից։ Սուբյեկտությունը միջազգային նախաձեռնություններն են, ինքնիշխան արտաքին քաղաքականությունը։
Երեւանյան «իսթեբլիշմենտի» ո՞ր մասն է այս տրամաբանության մեջ, եւ ո՞րն է փոխադարձ մեղադրանքների, բանավեճերի բովանդակությունը։
Արցախի, ցանկացած տարածքի կորուստը նվազեցնում է Հայաստանի մարդկային, քաղաքական ու տնտեսական կարողություններն ու հնարավորությունները։ Հայերի հայրենազրկման, հայկական տարածքները յուրացնելու Մոսկվա-Անկարա թշնամական տանդեմի 100-ամյա գործակցությունը եւ ներկայում պարտադրվող պայմանագրերն ուղղված են դրան։
Հայաստանի պետության հզորացումը թույլ չտալու համար Ռուսաստանը կիրառում էր ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ Հայաստանում սեփական ագենտուրայի ու կրեատուրայի լծակները հակահայ աննախադեպ քարոզչությամբ։ Անկախ Հայաստանը սպառնալիք է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի համար։ Արցախը ոչ թե «լավ ապրելու» խանգարիչ հանգամանք էր, այլ շանս՝ դիմադրելու այս քաղաքականությանը, սակայն տեղական վերնախավերի համար Արցախն այդպես էլ մնաց ընդամենը ներքին գզվռտոցի ու արտաքին սակարկությունների առարկա, ոչ ավելի։
Արցախի կորուստն ավելի է ուժեղացնելու ճնշումը Հայաստանի վրա, ինչի վկայությունն արդեն հայ ինքնության երկու հենասյուների՝ լեզվի ու հավատքի դեմ Մոսկվայի անթաքույց արշավն է։
Նյութի աղբյուր՝ Lragir.am