Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն անդրադարձավ 2011-2012թթ.
Ուսումնական տարվա վերջին Չեխովի անվան թիվ 55 ավագ դպրոցում տեղի ունեցած միջադեպին, նշելով, որ քաղաքապետարանը դեռ կանդրադառնա այդ աղմկահարույց միջադեպին:
Նշենք, որ Չեխովի անվան դպրոցի աշակերտներից մեկի ծնողը պնդում էր, որ դպրոցի տնօրենը ծեծի է ենթարկել իրեն:
Նա նշեց, որ քաղաքապետարանի կողմից արդեն այս հարցին անդրադարձ եղել է: Նրա խոսքերով կազմակերպվել են հանդիպումներ երկու կողմերի հետ և կազմակերպվել է աշակերտի գործերի տեղափոխությունը` վերջինիս կողմից նախընտրելի Պուշկինի անվան դպրոց:
«Հրավիրել եմ դպրոցի տնօրենին, և գործերն ուղղորդել ենք դպրոց, հետևել ենք երեխայի համար բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ձևավորմանը: Ծնողը դիմել է դատարան, գործը դատարանի վարույթում է: Քաղաքապետարանը կանդրադառնա այդ խնդրին և համապատասխան լուծում կտրվի»,- եզրափակեց Գ. Սողոմոնյանը: