Տարեց տարի կրթական հաստատությունները համալրվում են համակարգիչներով և գրատախտակներով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
Բանախոսը տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 160 կրթական հաստատություն, 159 մակապարտեզ: Նա նաև հավելեց, որ աստիճանաբար ապահովվում է դպրոց նորարարությունների մուտքը, տարեցտարի կրթական հաստատությունները համալրվում են համակարգիչներով և գրատախտակներով:
Անդրադառնալով խնդիրներին, Գ. Սողոմոնյանը նշեց, որ այս ամենին զուգահեռ՝ շատ դպրոցներ վերանորոգման կարիք ունեն: «Դեռևս անցյալ տարի ՀՀ նախագահի հանձնարարությամբ քաղաքապետը կազմակերպեց դպրոցների ջեռուցման խնդիրը: Ուրախությամբ պետք է նշեմ, որ չկա ոչ մի չջեռուցվող մանկապարտեզ և դպրոց: Դրանք արդեն ջեռուցվում են, և վաղեմի մեր երազանքն իրականություն է դարձել», - նշեց նա, հավելելով, որ զուգահեռ կազմակերպվում են կապիտալ վերանորոգման աշխատանքներ:
Նրա խոսքերով, բարերարների աջակցությամբ վերանորոգվում են 28 մանկապարտեզներ՝ 500 մլն դրամի սահմաններում, շուրջ 22 դպրոց է վերանորոգվում, 174 դպրոցն է բացվելու սեպտեմբերի մեկին:
Գ. Սողոմոնյանի խոսքերով, քաղաքապետն առաջարկել է սեպտեմբերի առաջին մի քանի աշխատանքային օրերին թույլ տալ լրացուցիչ ընդունելություն իրականացնել, և նախնական հաշվարկների համաձայն՝ սետեմբերին 1300 երեխա կընդունվի մանկապարտեզ: