ՀՀ ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի, Ստեփան Մարգարյանի և Վահե Հովհաննիսյանի կողմից ներկայացվել էր առաջարկ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին:

Պատգամավորներն առաջարկում էին նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում` հասցնելով մինչև 70 -75 հազար դրամի: Այս հարցը ներառված է վաղը կայանալիք կառավարության օրակարգում :

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսվում է նվազագույն աշխատավարձը 2014 թվականին սահմանել 50000 դրամ, 2015 թվականին` 55000 դրամ և 2016 թվականին` 62500 դրամ:

ՀՀ կառավարությունը մերժելով պատգամավորների առաջարկը, եզրակացության մեջ նշում է, որ 2014 թվականի հունվարի 1-ից 75.0 հազ դ սահմանելուդեպքում ` արդեն 2014 թվականին կհանգեցնի մոտ 177.0 մլրդ դրամ լրացուցիչ ծախսերի անհրաժեշտության, ինչը իրատեսական չէ:

Բացի դրանից, կառավարության եզրակացության մեջ նշված է, որ առաջարկվող նվազագույն ամսական աշխատավարձի աճի նման բարձր տեմպերը կգերազանցեն տնտեսության հնարավոր առավելագույն արտադրողականության աճի և գնաճի գումարային տեմպերին , որի պարագայում կարող է կտրուկ բարձ¬րանալ գործազրկության մակարդակը: