Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությունը հաստատել է Շուշիի մոտակայքում հայ բնակչի սպանությունը ադրբեջանական զինուժի կողմից: «Ռուսաստանյան խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ հետաքննում է միջադեպը», նշված է հաղորդագրության մեջ:
Կասկած չկա, որ հետաքննությունն ունենալու է նույն հետեւանքները, ինչ նախորդ դեպքերում, այսինքն՝ ոչ մի հետեւանք։ Կրեմլի խոսնակը դեռ Խծաբերդի իրադարձություններից հետո է ասել՝ նման միջադեպերը ավելորդ գլխացավանք են ռուս խաղաղապահների համար։ Կրեմլը եւ ՌԴ ԱԳՆ-ն իրենց հայտարարություններում էլ հատուկ նշում են՝ չնայած նման միջադեպերին, խաղաղությունն ու անվտանգությունը պահպանվում են, այսինքն՝ ավելի վատ կարող է լինել, ավել բան չպահանջեք։
«Ադրբեջանի նման գործողությունները Արցախի հայաթափման ու ռուսական խաղաղարարությունը վարկաբեկելու նպատակ ունեն»՝ ահա այն առավելագույնը, որ ի վիճակի են արտաբերել ՀՀ եւ Արցախի վարչակազմերը, պաշտոնական ընդդիմությունը, քաղաքագետներն ու զլմ-ները։ Թեեւ, ռուսանպաստ կուսակցություններից մեկի ներկայացուցիչը համարձակվեց ենթադրել, որ ռուս խաղաղապահները հայ բնակչության անվտանգության համար չեն Արցախում, մեկ ուրիշն էլ նույնիսկ ռուսական կողմից պահանջեց կատարել պարտավորությունները։
Պետք է հասկանալ, որ «ռուս խաղաղարարության վարկաբեկումն» ամենաքիչն է հետաքրքրում Ռուսաստանին, ինչպես ընդհանրապես այդ երկրի ու դրա իշխող ռեժիմի վարկն աշխարհում։ Ավելին, «վարկաբեկումն» անհրաժեշտ է մի շարք առումներով՝ սկսած ավելորդ գլխացավանքից ազատվելուց, այսինքն՝ պատասխանատվությունից խուսափելուց, վերջացրած բուն խնդիրներով, որոնք կապված են Հայաստանի դեմ ՌԴ նախաձեռնած արշավի ու «հետպատերազմյա կարգավորման» հետ, որին Լրագիրը բազմիցս անդրադարձել է։
Ռուսական ռազմական կոնտինգենտը Արցախում է ԼՂՀ կարգավիճակը ոչնչացնելու եւ Հադրութն ու Շուշին թուրքերին հանձնելու Մոսկվա-Բաքու պայմանավորվածությամբ։ ՌԴ պաշտոնական տեսակետն այն է, որ հակամարտությունը լուծված է, կարգավիճակի խնդիր չկա, եւ մնում է լուծել հաղորդակցությունների, սոցիալական եւ հումանիտար խնդիրները։ Միջազգային լեգիտիմ ատյանները կարող են ներգրավվել միայն այս պայմանով։
Մոսկվայից Հայաստանին պարտադրվող սահմանազատման եւ խաղաղ պայմանագրերի իմաստը «Ադրբեջանի» ճանաչումն է՝ Արցախի հարցի փակումով։ Արցախի հայաթափության հարցի հիմքը հենց սա է։ Ռուսական զորքի ներկայությունն Արցախում պետք է դիտարկել հենց այս համատեքստում։
Եթե Ռուսաստանին ձեռնտու է, որ Արցախում հայեր ապրեն, ինչպես պնդում են ռուսական ու հայկական հայտնի շրջանակները, այդ դեպքում ինչո՞ւ է Մոսկվան փակում կարգավիճակի հարցը։ Մյուս կողմից, ինչո՞ւ է Հայաստանի մոսկովյան պողպատակիր խորհրդարանը խուսափում Արցախի կարգավիճակի, վերամիավորման որոշման իրագործման հարցերի քննարկումներից, արգելափակում ցանկացած նման նախաձեռնություն։
Ռուսական զորքի ներկայությամբ հայ խաղաղ բնակիչների սպանությունները (իսկ գուցե մեղմ ասած՝ նրանց թողտվությա՞մբ՝ նման համառ լուրեր են շրջում Արցախում) հայկական կողմին ազատում են պարտավորություններից։ Պարտադիր չէ, որ ռուս-թուրքական ծրագրերն իրագործվեն։ Արցախի հայաթափմամբ մտահոգությունը ենթադրում է համարժեք քայլեր ու նախաձեռնություններ։ Հիմա ամեն ինչ կախված է Երեւանի ու Ստեփանակերտի որոշումներից։ Խաղաղ դարաշրջան, առավել եւս արժանապատիվ խաղաղություն՝ հայ քաղդասի մորմոքներում, չի լինելու որպես այդպիսին։
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/11/10/680351/