Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը քրդերին խորհուրդ է տվել չտրվել սիրախաղերին, «որոնք մեր ամերիկացի գործընկերները շարունակում են իրենց հետ հարաբերություններում… արևելյան Սիրիայում սնուցում են անջատողական միտումները և փորձում են այդ ծրագրերը դարձնել լուրջ գրգռիչներ, որոնք ուղղված են միացյալ սիրիական պետության պահպանման շահերի դեմ»: «Սրանք վտանգավոր խաղեր են, որոնք կարող են հանգեցնել նրան, որ քրդական խնդիրը շատ լրջորեն բորբոքվի ողջ տարածաշրջանում, հաշվի առնելով, որ դրա հարթությունն ընդգրկում է ոչ միայն Սիրիան, այլ նաև այլ երկրներ», սպառնացել է Լավրովը քրդերին։

Լավրովը նկատի ունի, առաջին հերթին, Թուրքիան, որտեղ քրդական խնդիրն արդեն իսկ սրվել է։ Ռուս նախարարն ուղղակիորեն ասում է, որ ԱՄՆ-ն աջակցում է քրդական պետության ստեղծմանը ոչ միայն Սիրիայի հյուսիսում, այլ, ըստ ամենայնի, Թուրքիայում և Իրաքում։ Ռուսաստանը կցանկանար կանխել իր դաշնակից Թուրքիային ուղղված սպառնալիքը, ինչպես դա արել է բազմաթիվ անգամ։ 1921 թվականին Ռուսաստանը Թուրքիային նվիրեց «Անտանտի դաշնակից» Հայաստանի մեծ մասը, Բաքվին՝ Նախիջևանը և Արցախը, ոչնչացնելով Հայաստանի անկախ պետությունը։ Հիմա Ռուսաստանի համար «հայերի տեղում» քրդերն են, որոնց սպառնում է Լավրովը։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/11/09/680321/